ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ուկրաինական իրադարձությունների պատճառով Հայաստան ժամանած օտարարեկրացիները բացահայտեցին Հայաստանում առկա բազմաթիվ խնդիրները։
Նման տեսակետ Sputnik Արմենիային տված հարցազարույցում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը` խոսելով Հայաստանում ապրելու ու աշխատելու հնարավորությունների մասին։
«Երբ այդչափ մեծ թվով մարդիկ միանգամից եկան Հայաստան, իրենք նաև մեզ համար բացահայտեցին մեր խնդիրները։ Մենք բազմաթիվ խնդիրներ ունենք։ Դրանք վերաբերում են մեր միջավայրին, ճանապարհային նշաններին, բնակության պայմաններին, կազմակերպություն գրանցելու ու դրա հետ կապված միջավայրը սպասարկելու հարցադրումներին։ Խնդիրներ, որոնք ի հայտ եկան այն տեսանկյունից, որ մենք կարճ ժամանակում դժվարությամբ ենք արձագանքում դրանցից որոշներին, մինչդեռ մեզանից պահանջվում է, որ մենք շատ արագ ու օպերատիվ որոշում կայացնենք այդ խնդիրները լուծելու համար»,– ասաց նախարարը։
Տիգրան Խաչատրյանի դիտարկմամբ, Հայաստան ժամանողներն իրենց հետ բերում են իրենց տեսակետները, որոնք Հայաստանը պետք է շատ արագ լսի ու հասկանա, թե մեր երկրում ինչը չի բավարարում այստեղ ապրելու ու աշխատելու ցանկություն ունեցող մարդկանց։
«Մանավանդ՝ նրանք առավելապես այնպիսի մարդիկ են, ովքեր դրսի հետ աշխատելու մշակույթ ունեն, կապեր ունեն, գիտեն, թե աշխարհում լավ փորձն ինչպես է նկարագրվում»,– նկատեց նախարարը` միաժամանակ հույս հայտնելով, որ երբ անհրաժեշտ փոփոխություններն իրականություն դառնան, Հայաստանում միջավայրն ավելի բարենպաստ կդառնա ու մեր երկիրը պատրաստ կլինի ընդունելու ու հարմարավետ պայմաններ առաջարկելու բոլոր ցանկացողներին։
Հարցին, թե արդյոք մենք կհասցնե՞նք այնքան արագ փոխվել, որ այսօր արդեն եկածներին բավարարենք, թե՞ դա կարվի արդեն ապագայի համար, ֆինանսների նախարարը պատասխանեց. «Կհասցնենք, իհարկե, կհասցնենք։ Չեմ կարծում, որ բոլոր խնդիրները կկարգավորենք այնպես, ինչպես իդեալում դրանք պետք է կարգավորված լինեն, բայց գոնե մենք կհասկանանք, թե որտեղ է մեզ պետք ուշադրություն դարձնել և կշարունակենք այդ ուղղությամբ»։
Հայաստան ժամանած օտարարերկրացիները երբեմն դժգոհում են նաև բանկերում հաշիվներ բացելու գործընթացի ձգձումներից ու մերժումներից։ Ուստի ֆինանսների նախարարից հետաքրքրվեցինք` սա ևս այդ խնդիրների թվում է։
«Մեզ մոտ, իհարկե, կան ընթացակարգեր, որոնք կարող են ավելի սահուն կազմակերպվել, ավելի հարմարավետ լինել ծառայություններից օգտվողների համար։ Կարևոր չէ ՀՀ քաղաքացի, թե ՀՀ ժամանած օտարերկրյա քաղաքացի։ Կարող են առանձնահատկություններ լինել, բայց ընդհանուր առմամբ այդպիսի բան, բնականաբար կա։ Այսինքն` կարող են արձանագրել, որ ՀՀ–ում, ինչպես կյանքի մնացած ոլորտները, այնպես էլ բանկային համակարգում բարելավման կարիք կա»,– ասաց նա։
Այդուհանդերձ, խնդրի մասին խոսելիս, կառավարության անդամն առաջարկում է չմոռանալ, թե օտարարկրացիների ներհոսքը Հայաստան ինչ պայմաններում և ինչ պատճառով է տեղի ունեցել. նրանցից շատերն այստեղ հաշիվներ են բացել միայն այն պատճառով, որ իրենց ունեցած դրամական միջոցներն իրենց երկրներում կանխիկացնելու կամ արտարժույթի փոխարկելու դժվարություններ են ունեցել։
«Այսինքն` եկեք հարցի նաև այդ կողմից նայենք, որ մենք կարող ենք աջակցել ամեն ինչով, կարող ենք պայմաններ ստեղծել, որ երկարաժամկետ կամ միջնաժամկետ նպատակում հարմարավետություն ստեղծենք այն մարդկանց համար, որ գտնվում են Հայաստանում և իրենց կյանքի, կենսական նշանակություն ունեցող աշխատանքային և մնացած խնդիրների լուծմամբ են զբաղված։
Բայց մենք պետք է մտածենք նաև այնպիսի սահմանափակումների մասին, որ մեր բանկային համակարգը չվերածվի իրավիճակային կամ մեկանգամյա խնդիրներ լուծելու միջավայրի։ Ես կարծում եմ, որ այդ անհարմարավետությունը, որ ժամանակավորապես ստեղծվել էր մեր բանկային համակարգի կողմից, կապված է հենց այդ հարցի հետ»,– ասաց նախարարը։
Այդուհանդերձ, ֆինանսների նախարարի գնահատմամբ, առկա իրավիճակում ՀՀ բանկային համակարգը շատ համաչափ ու տրամաբանական կարգավորումներ ու սահմանափակումներ կիրառեց` ՀՀ ֆինանսական համակարգի ու տնտեսության կայունությանը չվնասելու համար։
Հիշեցնենք` Sputnik Արմենիան ԿԲ–ին հարցում էր արել, թե այս ընթացքում ՀՀ բանկերում որքան հաշիվներ են բացվել ոչ ռեզիդենտների կողմից։
ԿԲ–ի տրամադրած տվյալներով, միայն մարտ ամսին ՀՀ քաղաքացի չհանդիասացող ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից ՀՀ բանկերում 27 000 հաշիվ է բացվել։
Նշենք, որ ֆինանսների նախարարի հետ հարցազրույցն ամբողջությամբ Sputnik Արմենիայի կայքում կհրապարակվի այսօր երեկոյան։