Հայ-ռուսական հարաբերությունները որակապես նոր մակարդակի են բերվել․ Միրզոյան

Արտգործնախարարը կարևորում է ռազմավարական դաշնակցության բոլոր մեխանիզմների գործունեության կարգավորումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. Անցած տարիների ընթացքում հայ-ռուսական միջպետական հարաբերությունները դաշնակցային փոխգործակցության որակապես նոր մակարդակի են բերվել։ Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ հայ-ռուսական հարաբերություններն աչքի են ընկնում բարձրագույն ու բարձր մակարդակներում ակտիվ երկխոսությամբ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ համագործակցությամբ, ինչպես նաև ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական ոլորտներում փոխգործակցությամբ, լայն իրավապայմանագրային բազայի հետևողական կատարելագործմամբ, առևտրատնտեսական, միջտարածաշրջանային ու հումանիտար ոլորտներում հաջող գործընկերությամբ:
«Երկկողմ օրակարգի առաջմղման գործում կարևորվում է մեր ռազմավարական դաշնակցության առկա բոլոր մեխանիզմների բնականոն գործունեությունը», - նշել է նախարարը:
Միրզոյանն ավելացրել է, որ դրական է դիտարկում ռազմատեխնիկական և տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների գործունեությունը, ինչպես նաև միջխորհրդարանական փոխգործակցությունը։
Հավելենք, որ ՀՀ արտգործնախարարը Մոսկվայում է աշխատանքային այցով։ Ապրիլին նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի այցը ՌԴ։