Եթե Զատկի տոնից առաջ ձվի գինը բարձրանա, պատասխանատվության կենթարկվեն. Գևորգյան

Խանութ
Ձու արտադրողները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին հավաստիացրել են, որ Հարության տոնից առաջ շուկայում խնդիրներ չեն լինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Եթե Հարության տոնին ընդառաջ ձվի շուկայում չարաշահումներ լինեն, ապա ինչպես նախորդ 2 տարիներին, հիմա էլ պատասխանատվության ենթարկվողներ կլինեն։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Հիմա` Զատկի տոնից առաջ, մենք տնտեսվարողների հետ պարբերաբար հանդիպում ենք գնի հարցով, որպեսզի գործը վարույթներին չհասնի։ Մեզ հավաստիացրել են, որ խնդիրներ չեն լինի։ Սակայն չենք կարող կանխագուշակումներ անել»,– ասաց Գևորգյանը։

Ինչ վերաբերում է վերջին շրջանում ձվի շուկայում աննախադեպ գնիջեցմանը (որոշ սուպերմարկետներում հնարավոր էր ձու գնել 30 դրամով), ապա Գևորգյանը նշեց, որ հիմա ձվի գինը կարծես կարգավորվել է։ Սակայն, ըստ նրա, շուկայում գինն իջեցրել էր փոքր տնտեսվարողը, իսկ այս դեպքում խաղի կանոնները չեն կարող փոխվել, այսինքն` այնպես չէ, որ փոքր տնտեսվարողը կարող է շուկայում գին թելադրել ու մյուսներից մրցակցությունից դուրս թողնել։
Դիտարկմանը, թե «Լուսակերտի» թռչնաֆաբրիկան փաստորեն փակման եզրին է հասել շուկայում նման գնանկման պատճառով, Գևորգյանն արձագանքեց, որ ցավալի փաստ է դա, սակայն կարող է մի շարք այլ պատճառներ ունենալ` սկսած բիզնեսի վատ կառավարումից։
Sputnik Արմենիան ավելի վաղ անդրադարձել էր «Լուսակերտի» փակման և ձվի շուկայի խնդիրներին։ Ընկերությունն իր հավերը բաժանել էր գյուղացիներին, որպեսզի փակվի։ Պատճառը մրցակցությանը չդիմանալն էր։