ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2021 թվականի արդյունքներով ավելացել է` հասնելով 1,4 մլրդ դոլարի։ Ավելին, այդ ցուցանիշով Երևանը առաջատար դիրք է զբաղեցնում Հարավային Կովկասի երկրների շարքում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունը։
«Անկախ համավարակից, 2020 թվականին Հայաստանի և Չինաստանի ապրանքաշրջանառությունը, ՉԺՀ–ի վիճակագրության համաձայն, հասել է 1 մլրդ դոլարի (964 մլն 2 հազար հայկական վիճակագրությամբ – խմբ.), 2021 թվականին այդ ցուցանիշն աճել է», – ասաց Յունը։
Նրա խոսքով` վերջին տարիներին երկու երկրները առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում զգալի հաջողությունների են հասել։ Պաշտոնական վիճակագրությունը բավական լուրջ ներուժ է մատնանշում նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում։
Դեսպանը նշեց, որ չինական կողմն աշխատում է հայ գործընկերների հետ դեպի Չինաստան հայկական ապրանքների արտահանումն ընդլայնելու ուղղությամբ։ Արտահանման հիմնական ապրանքատեսակներ նա համարում է կոնյակը, գինին և սննդի արդյունաբերության արտադրանքը։ Չինաստան արտահանվող հայկական ապրանքների տեսականու ընդլայնման և չինական շուկայում դրանց հանրահռչակման առումով Յունը կարևոր է համարում հայկական ձեռնարկությունների առավել ակտիվ մասնակցությունը միջազգային ցուցահանդեսներին և թեմատիկ էքսպոներին։
Ֆան Յունն ընդգծել է, որ արտահանման զարգացումն արգելակում են նաև լոգիստիկ խնդիրները։
«Չինաստանի բաց քաղաքականության բարեփոխումից հետո մեր սպառողն առաջին հերթին ընտրում է տեղական արտադրանքն ու միայն հետո՝ այլ երկրներից ներկրվող ապրանքները։ Հայաստանն աշխարհագրորեն հեռու է, ձեր ապրանքները ուշ են հասնում Չինաստան, այդ պատճառով էլ այդքան մեծ պահանջարկ չունեն», – ասաց նա։
Չինացի դիվանագետը նշեց, որ Հայաստանի իշխանությունները նախևառաջ պետք է լուծեն տրանսպորտային խնդիրները, հասնեն նրան, որ հայկական արտադրանքը պահանջված լինի չինական շուկայում։ Չէ՞ որ նույն հայկական կոնյակն ու գինին որոշ դեպքերում ոչնչով չեն զիջում եվրոպականին, մասնավորապես` ֆրանսիականին։
Ինչ վերաբերում է երկկողմ համագործակցությանը, դեսպանը համոզված է, որ Պեկինն ու Երևանը լավ ներուժ ունեն այն ընդլայնելու ամենատարբեր ոլորտներում։ Նա նշեց Երևանում դեսպանատան նոր շենքի բացման մասին։
«Սա ոչ միայն մեր երկրների միջև ավանդական բարեկամության արտահայտում է, այլև փաստ, որը լավ հեռանկարներ է կանխատեսում», – ասաց չինացի դիվանագետը։
Որպես օրինակ Ֆան Յունը նշեց նաև այն օգնությունը, որը Չինաստանը բազմիցս ցուցաբերել է Հայաստանին (ավտոբուսներ, շտապօգնության մեքենաներ, Երևանում հայ–չինական բարեկամության դպրոցի բացում – խմբ.)։
Յունն ընդգծեց, որ չինական մի շարք ընկերություններ շահագրգռված են Հայաստանում ներդրումներ կատարելու հարցում, մասնավորապես՝ շինարարության ոլորտում և մի քանի այլ նախագծերում։