ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանը շրջանառության մեջ են դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ։ Դրանով պետական կառույցներին հնարավորություն է տրվելու դադարեցնել լրագրողների հավատարմագրումը։
Նախագծի հիմնավորման մեջ պատգամավորները նշել են, որ պետական մարմինների ներքին կանոնների խախտման դեպքերում առաջարկվում է, որ պետական մարմինը, որը հավատարմագրել է լրագրողին, կարողանա աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնների խախտման դեպքում դադարեցնել լրագրողի հավատարմագրումը։
Հայաստանի ժուռնալիսների միությունը հայտարարություն է տարածել` ասելով, որ այդ փոփոխությունն իրականում պետական մարմիններին հնարավորություն է տալու կամայականորեն դադարեցնել իրենց ոչ հաճո լրագրողների հավատարմագրումը։
«Հիմք ունենք ենթադրելու, որ ԱԺ իշխող խմբակցության պատգամավորների հեղինակած սույն նախագիծը ոչ թե ինքնաբուխ ակցիա է, այլ քաղաքական որոշման արտահայտություն, որը տեղավորվում է անկախ լրատվամիջոցների դեմ ուղղված իշխանության քաղաքականության տրամաբանության շրջանակներում։ Այս փոփոխությունը կարող է մահակ դառնալ պետական գերատեսչությունների համար՝ իրենց ոչ ցանկալի լրագրողներին հավատարմագրումից զրկելու նպատակով»,–ասված է հայտարարության մեջ։
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է խոսքի ազատության և մամուլի դեմ ուղղված իշխանությունների հերթական գործողությունը՝ կառավարությունից պահանջելով բացասական եզրակացություն տալ վերոհիշյալ օրենքի նախագծին։
Միությունն այս հարցի առնչությամբ հրավիրում է խոսքի ազատության և մամուլի հարցերով զբաղվող ՀԿ–ների, միջազգային կառույցների ուշադրությունը։