ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Անհայտ անձը կրակ է բացել Իսրայելի Թել Ավիվ քաղաքում։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: Համացանցում դեպքի վայրից կադրեր են հայտնվել։
Զինված տղամարդը կրակ է բացել անցորդների վրա Դիզենգոֆի շրջանում՝ տեղական բարերից մեկի մոտ։ Հայտնի է 15 վիրավորի մասին, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Չհաստատված տվյալներով՝ երկուսը մահացել են։
Տղամարդը դեպքի վայրից փախուստի է դիմել, ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է տեղափոխել դեպքի վայր։
Այս պահին իրավապահները ձերբակալման գործողություն են իրականացնում։
Սա վերջին շրջանում Իսրայելում չորրորդ նմանատիպ դեպքն է։ Մարտի 22-ին Բեեր Շևա քաղաքում ահաբեկչություն է տեղի ունեցել, 4 մարդ է զոհվել։ Մարտի 27–ի լույս 28-ի գիշերը Խադերա քաղաքում երկու սահմանապահ է զոհվել, ևս 12–ը վիրավորվել են: Մարտի 29-ին հրաձգություն է տեղի ունեցել Բնեյ Բրակում, հայտնում էին 5 զոհի մասին: