ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Վաշինգտոնը և նրա դաշնակիցները վերահսկում են Կիևին և դրդում են Ուկրաինային շարունակել ռազմական գործողությունները, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Պայմանավորվելու անկարողությունը հերթական անգամ բնութագրում է Կիևի իրական մտադրությունները, բանակցությունները ձգձգելու և նույնիսկ խափանելու նրա գիծը՝ ձեռք բերված պայմանավորվածություններից հեռանալու ճանապարհով։ Կիևի ռեժիմը վերահսկվում է Վաշինգտոնի և նրա դաշնակիցների կողմից, որոնք նախագահ Զելենսկուն դրդում են շարունակել մարտական գործողությունները»,-հայտարարել է Լավրովը։
ՌԴ արտգործնախարարը հայտարարել է նաև, որ բանակցությունների ընթացքում նոր նախապայմաններ առաջ քաշելու Ուկրաինայի մտադրությունն անընդունելի է։
«Հաջորդ փուլում հավանաբար ուկրաինական կողմը կխնդրի դուրս բերել զորքերը և նորանոր նախապայմաններ կառաջադրի։ Այդ մտադրությունը հասկանալի է, սակայն այն անընդունելի է»,-հայտարարել է Լավրովը։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 43–րդ օրը։