Սա վճռորոշ առաջընթաց է. Ժոզեպ Բորելը` Փաշինյան - Ալիև հանդիպման մասին

Ժոզեպ Բորել
Եվրամիության դիվանագիտության ղեկավարը կարծում է, որ հիմա կարևոր է հակամարտությունների դիվանագիտական լուծման ուղիներ գտնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Եվրամիության արտաքին գործերի և քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումն առաջընթաց է համարում։ Նա թվիթերյան իր էջում անդրադարձել է երեկվա հանդիպմանը
«Սա Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության, ինչպես նաև կայուն ու անվտանգ Հարավային Կովկաս ունենալու ուղղությամբ վճռորոշ առաջընթաց ու ջանք է»,– գրել է Բորելը։
Նրա խոսքով` ներկայիս աշխարհաքաղաքական համատեքստում առավել քան երբևէ կարևոր է գտնել հակամարտությունների դիվանագիտական լուծման ուղիներ։
Ապրիլի 6-ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:
Եռակողմ հանդիպումից հետո Միշելը հայտարարեց, որ որոշել են հստակ գործընթաց սկսել խաղաղության բանակցությունների և պայմանագրի համար։
Մինչ եռակողմ հանդիպումը Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց էր ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ` ներկայացնելով ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:
Եռակողմ հանդիպումից առաջ Շառլ Միշելի հետ առանձնազրույց էր ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Մինչ Բրյուսել մեկնելը Փաշինյանը հայտարարել էր, որ մտադիր է Ադրբեջանի նախագահի հետ համաձայնեցնել խաղաղ բանակցությունների մեկնարկի հարցերը: