Բրիտանական ընկերություններից մեկը սկսել է անապահով ընտանիքներին էլեկտրատաքացվող վերմակներ բաժանել։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ բնակիչներից մեկը զանգահարել է այդ ընկերություն և բողոքել. «Լա′վ, որքան կարելի է բարձրացնել գազի գինը։ Այս ձմռանը ես ընդհանրապես ոչ մի անգամ չեմ միացրել տանս ջեռուցումը՝ այնքան սարսափելի են դարձել սակագները»։
«Սան» պարբերականը վկայում է. իսկապես, գազի՝ առանց այն էլ աստղաբաշխական վարձը յուրաքանչյուր ընտանիքի համար տարեկան ավելացել է ևս մոտ 1000 դոլարով։ Դե ինչ, ով՝ ով, բայց շարքային հայաստանցին հո հրաշալի գիտի, թե ինչ է նշանակում ցուրտ ձմռան պայմաններում աշխատավարձի մի զգալի մասը տալ միայն կոմունալ ծախսերը վճարելու համար։ Թոշակառուների մասին ընդհանրապես լռում եմ։
Լիտվան ապրիլի մեկից հրաժարվել է ռուսաստանյան գազից։ Բայց ախր այդ երկիրը Հայաստանի նման փոքր է, և նրա այս քայլի հետևանքները գրեթե չեն զգալու ո′չ լիտվացիները, ո′չ էլ Ռուսաստանը։ Բա խոշոր պետություննե՞րն ինչպես են տակից դուրս գալու. չէ՞ որ Եվրամիությունը Ռուսաստանից ձեռք է բերում իր սպառած գազի 40 ու նավթի 60 տոկոսը։ Ի դեպ, կան պետություններ, որոնք 100 տոկոսով, ինչպես ասում են, «նստած են» ռուսաստանյան գազի վրա։ Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ դժվար է լինելու նրանց վիճակը, մանավանդ եթե Հայաստանի նման ծովազուրկ են։
Թե ինչու են խիստ մտահոգված հատկապես այն եվրոպական պետությունները, որոնք դեպի ծով ելք չունեն, երևի հասկանալի է։ Ամերիկան հիմա խոստանում է օգնել եվրոպացիներին գազի հարցում, բայց գլխավոր խնդիրը սա է. Ատլանտյան օվկիանոսի հատակով ձգվող գազատար, բնականաբար, գոյություն չունի, դրա կառուցումն էլ գոնե առայժմ ֆանտաստիկայի ժանրից է։ Մնում է հեղուկ գազի տարբերակը։ Այսինքն, բնական գազը ամերիկյան նավահանգստում սառեցվում է, առաջացած հեղուկը բեռնատար մեծ նավերով հասցվում է, ասենք, Ռոտերդամ և այնտեղ կրկին վերածվում է գազի։ Բա հետո՞։ Չէ՞ որ Հոլանդիայի և, ասենք, Սլովակիայի միջև խողովակաշար գոյություն չունի։
Ի դեպ, նույնիսկ այն երկրները, որոնք ելք ունեն դեպի ծով, հսկայական ծախսեր պիտի անեն, եթե հեղուկ գազի ընդունման և վերամշակման կարողություններ չունեն։ Խոսքն, առաջին հերթին, Գերմանիայի մասին է։ Այնտեղ վաղուց էին ուզում նման չորս տերմինալներ կառուցել, բայց հենց մի քանի ամիս առաջ այդ ծրագիրը խափանվեց, որովհետև հաղթեց, այսպես ասած, «իրատեսական» մոտեցումը՝ բայց մեր ինչի՞ն է պետք ամերիկյան հեղուկ գազը, հսկայական փող պիտի ծախսենք, բա որ հետո պարզվի, որ սպառող չենք կարողանում գտնել, իսկ Ռուսաստանի գազը կա ու կա, էլ ինչո՞ւ այս կողմ-այն կողմ ընկնենք։ Հիմա մոտեցումը լրիվ փոխվել է, և պիտի պայքարես ամերիկյան գազի համար, որովհետև այն սահմանափակ է։
Իսկ եթե մի բան սահմանափակ է, արդեն տերն է թելադրում թե′ պայմանները, թե′ գինը։ Էդ մեկը շատ լավ գիտենք թեկուզ հենց մեր երևանյան տաքսիստների հետ շփվելով՝ «Չէ′, Չերյոմուշկա չեմ գնա, մինիմալս էլ 1000 դրամ է»։ Բայց ճար չունես, պիտի նստես ու վարորդին ասես. «Համաձայն եմ, գա′զ տուր»։ Էդ նույնը հիմա եվրոպացիները Վաշինգտոնին են ասում՝ «Գա′զ տուր»։
Ամերիկան, իհարկե, Եվրոպային գազ կտա, բայց նաև կասի. «Գիտեք, չէ՞, ուրիշից եմ պոկելու»։ Այո′, մինչև այժմ, փաստում է «Նյու Յորք թայմսը», հեղուկ գազի գլխավոր սպառողները Ասիայում են՝ Չինաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա։ Այդ պատճառով էլ Եվրոպան ավելի լավ պայմաններ պիտի առաջարկի Ամերիկային, որովհետև հեղուկ գազի ծավալներն այնտեղ անսպառ չեն։
Եվ մասնագետների կարծիքով, լիովին ճիշտ է «Վուդ Մքենզի» խորհրդատվական ընկերության փոխնախագահ Մասիմո դի Օդոարդոն, որը պնդում է. «Առաջիկա երեք տարիների ընթացքում պայքարը հեղուկ գազի մատակարարումների համար չափազանց դաժան է լինելու։ Եվրոպան և Ասիան երկու հակառակ կողմերից դեպի իրենց են ձգելու վերմակը»։
Դե ինչ, երևի կարելի է ընդամենը մի բան ավելացնել։ Վերմակն, իհարկե, շատ կարևոր է, մանավանդ եթե դա էլեկտրական տաքացումով վերմակ է, բայց արդյոք եվրոպացիները գիտակցում են, որ ռուսաստանյան գազից մեծ զոհողությունների գնով ազատվելով՝ կամաց-կամաց հայտնվելու են ամերիկյան գազի ճնշման տակ։