ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների նոր՝ թվով հինգերորդ փաթեթում կհայտնվեն գործարարներ, լրագրողներ, անվտանգության ուժերի ներկայացուցիչներ և զինվորականներ։ Այս մասին ասվում է ԵՄ-ում նախագահող Ֆրանսիայի պատվիրակության հայտարարության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Պատժամիջոցների փաթեթն ուղղված է «օլիգարխների, ռուսական պրոպագանդայի գործիչների, անվտանգության ուժերի աշխատակիցների և զինվորականների, ինչպես նաև արդյունաբերական և տեխնոլոգիական սեկտորների դեմ` կապված Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի հետ»:
Նշվում է նաև, որ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթը կներառի ռուսական դրոշի ներքո ԵՄ նավահանգիստներ մուտք գործելու արգելքը, ինչպես նաև սահմանափակումները Ռուսաստանի և Բելառուսի ավտոտրանսպորտային ընկերությունների համար:
Նշենք` այսօր` ապրիլի 7–ին, ԵՄ մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են նոր պատժամիջոցների փաթեթը ՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ Այն կհրապարակվի ապրիլի 8–ին, որից հետո ուժի մեջ կմտնի։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 43–րդ օրը։