Ռուսական ածխի ներմուծման ԵՄ–ի ամբողջական արգելքը կհետաձգվի մինչև օգոստոսի կեսերը. ԶԼՄ

Գերմանիան ԵՄ–ի վրա ճնշում է գործադրել` նպատակ ունենալով հետաձգել պատժամիջոցի ժամկետը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Այսօր ԵՄ դեսպանները հավանության կարժանացնեն ՌԴ–ից ածխի ներմուծման արգելքը, սակայն պատժամիջոցն ուժի մեջ կմտնի օգոստոսի կեսերից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Reuters գործակալությանը։
Եվրահանձնաժողովն ավելի վաղ ՌԴ–ի նկատմամբ պատժամիջոցների հինգերորդ փաթեթն էր առաջարկել, որը 6 կետ էր պարունակում, այդ թվում` ածխի ներկրման արգելքը։
«ԵՄ–ի դեսպանորդները հինգշաբթի պետք է հավանություն տան ռուսական ածխի արգելքին, որն ուժի մեջ կմտնի օգոստոսի կեսերին, մեկ ամիս նախնական ժամկետից ուշ», – հայտնել են ԵՄ–ում գործակալության աղբյուրները։
Նշվում է, որ Գերմանիան ճնշում է գործադրել ԵՄ–ի վրա` նպատակ ունենալով հետաձգել պատժամիջոցի` ուժի մեջ մտնելու ժամկետը։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 43–րդ օրը։