Ռուսաստանի դիվանագետների արտաքսումը Կանադային օգուտ չի տա. Թրյուդո

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Երևանում
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Երևանում. Արխիվային լուսանկար
Կանադայի վարչապետի խոսքով՝ իր երկրում գտնվող ռուս դիվանագետները ապատեղեկատվություն չեն տարածում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ ռուսաստանցի դիվանագետների արտաքսումը Կանադայի օգտին չէ։
Նա նշել է, որ չի հետևելու այլ երկրների օրինակին և չի արտաքսելու դիվանագետներին, քանի որ հավանական հայելային պատասխան չի ուզում ստանալ։
«Մենք պետք է շատ զգույշ լինենք։ Մենք չենք ցանկանում այս ճգնաժամային պահին զրկվել Մոսկվայի մեր ռեսուրսներից, երբ լուրջ դիվանագիտական հարցեր են առաջանում», - Թրյուդոյի խոսքը մեջբերում է Radio Canada-ն։
Կանադայի վարչապետի խոսքով՝ երկրում գտնվող ռուս դիվանագետներն ապատեղեկատվություն չեն տարածում, իսկ նրանց արտաքսման խորհրդանշական ժեստն իր վատ հետևանքները կունենա:
Նշենք, որ Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո Արևմուտքի երկրները սկսել են արտաքսել ռուսաստանցի դիվանագետներին։ Ըստ ՌԻԱ Նովոստիի հաշվարկների՝ մեկ ամսում մոտ 300 մարդ է արտաքսվել, և այդ թիվը կավելանա, քանի որ առայժմ ոչ բոլոր երկրներն են հրապարակել արտաքսվող ռուսաստանցիների թիվը:
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 43–րդ օրը։