ՌԴ–ն բաց է օտարերկրյա բիզնեսի հետ երկխոսելու համար. Միշուստին

Միխայիլ Միշուստին
ՌԴ վարչապետի խոսքով` մարդկանց կենսամակարդակը չի կարող կախված լինել օտարերկրյա քաղաքական գործիչների քմահաճույքներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ելույթ ունենալով Պետդումայում, հայտարարել է, որ Ռուսաստանն առաջվա պես բաց է օտարերկրյա բիզնեսի հետ կառուցողական երկխոսության համար։
«Այս ամբիոնից դիմում եմ օտարերկրյա ընկերություններին` նրանց, ովքեր դեռ մտածում են` հեռանան, թե մնան մեր երկրում։ Ռուսաստանը նախկինի պես բաց է կառուցողական երկխոսության համար», - ասել է Միշուստինը։
Նրա խոսքով` Ռուսաստանը հարգում է օտարերկրյա ընկերությունների աշխատանքն ու ՌԴ տարածքում ներդրած ջանքերը, գնահատում այդ համագործակցությունը:
«Բայց եթե դուք, այնուամենայնիվ, ստիպված լինեք հեռանալ, ձեռնարկությունը պետք է շարունակի աշխատանքը։ Չէ՞ որ այն աշխատատեղեր է ապահովում։ Մեր քաղաքացիներն են այնտեղ աշխատում։ Նրանց շահերի պաշտպանությունը մեր առաջնահերթությունն է ։ Մարդկանց կենսամակարդակը չի կարող կախված լինել օտարերկրյա քաղաքական գործիչների քմահաճույքներից», - ընդգծել է Միշուստինը։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 43–րդ օրը։