ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ վերջին մեկ օրում ռուսական ավիացիան ուկրաինական 29 ռազմական օբյեկտ է խոցել, այդ թվում` 2 հրամանատարական կետ։
Ռուսական ինքնաթիռների հարվածով Կուրախովո շրջանում շարքից դուրս է բերվել Ս-300 ռադիոլոկատորը, ինչպես նաև 7 հրետանային մարտկոց, սպառազինության պահեստ, ինչպես նաև 10 հենակետ և ուկրաինական մարտական տեխնիկայի կենտրոնացման վայրեր։
Կոնաշենկովի խոսքով` ՌԴ զինվորականները նախորդ գիշեր Նիկոլաևի, Զապորոժիեի, Խարկովի և Չուգուևի մոտ օդային և ծովային տեղակայման բարձր ճշգրտության հրթիռներով վառելիքաքսուքային նյութերի 4 պահեստ են ոչնչացրել։ Այդ պահեստներից իրականացվում էր Խարկովի, Նիկոլաևի և Դոնբասի մերձակայքում գտնվող ուկրաինական զորամիավորումների մատակարարումը։
Բացի այդ, ԴԺՀ ուժերը Սլադկոյեն լիովին մաքրել են ազգայնականներից։
Ռուսական ՀՕՊ միջոցները օդում խոցել են ուկրաինական զինված ուժերի 5 ԱԹՍ։ Հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ոչնչացվել է 125 ինքնաթիռ, 93 ուղղաթիռ, 413 ԱԹՍ, 227 ԶՀՀ, 1987 միավոր զրահատեխնիկա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 218 կայանք, 866 զենք և ականանետ, 1894 միավոր հատուկ մարտական և ավտոմոբիլային տեխնիկա։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 43–րդ օրը։