ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ռուսական ավիացիան Ուկրաինայում մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 42 ուկրաինական ռազմական օբյեկտ։ Տեղեկությունն այսօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան խոցել է Ուկրաինայի 42 ռազմական օբյեկտ։ Դրանց թվում են կառավարման կետ, զինամթերքի երկու դաշտային պահեստ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի երկու կայանք, ինչպես նաև ուկրաինական մարտական տեխնիկայի կենտրոնացման 12 հենակետ ու շրջան», - ասել է գեներալը:
Նա նաև նշել է, որ ուկրաինական ռազմական տեխնիկայի կուտակումը, որը նախատեսված է Դոնբասում ուկրաինական զորքերի խմբավորման տեղափոխման համար, օդից ոչնչացվել է բարձր ճշգրտությամբ հրթիռներով:
«Օրվա ընթացքում օդային տեղակայման բարձր ճշգրտության հրթիռներով հարված է հասցվել ուկրաինական ռազմական տեխնիկայի կուտակմանը Ժիտոմիրի մարզի Նովոգրադ-Վոլինի երկաթուղային կայարանում։ Հարվածի հետևանքով ոչնչացվել են Դոնբասում ուկրաինական զորքերի խմբավորման տեղափոխման համար նախատեսված ռեզերվները», - ասել է նա։
Կոնաշենկովի խոսքով՝ ռուս զինծառայողները հատուկ ռազմական գործողության ընթացքում ամբողջովին արգելափակել են Դոնեցկի մերձակա Նովոմիխայլովկան ու սկսել մաքրել այն ազգայնականներից: Շրջափակված է նաև Ուգլեդարը, այժմ այն ազգայնականներից ազատելու համար մարտեր են ընթանում։
Գեներալը նաև հայտնել է, որ օրվա ընթացքում ՌԴ ՀՕՊ-ը ոչնչացրել է Ուկրաինայի երկու ուղղաթիռ ու երկու «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարք:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 43–րդ օրը։