ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առթիվ, հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
Մայր աթոռ սուրբ Էջմիածնից հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքներն են բերում համայն մեր ժողովրդին Սուրբ Աստվածածնի ավետման տոնի առիթով։
«Այսօր բարեբանում ենք Սուրբ Աստվածածնին, ով հավատավոր հոգով և խոնարհ սրտով ընդունեց հրեշտակաձայն ավետիսը Աստծո Որդու աշխարհգալստյան՝ մարդկության փրկության և հարուցյալ կյանքի համար։ Սուրբ Աստվածածինը մաքուր սրտից բխած հավատքի ու ներշնչման աղբյուր է բոլորի համար և օրինակ, որ հաստատուն մնանք առ Աստված սիրո, հույսի ու հավատարմության մեջ՝ նորոգվելու և վերափոխելու մեր կյանքը դժվարությունների ու մերօրյա տագնապների առջև»,–ասված է շնորհավորանքում:
Կաթողիկոսը հիշեցրել է, որ Ավետման տոնը իր կենսատու խորհրդով տարիներ առաջ հռչակվել է որպես մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։ «Մաղթում ենք, որ Փրկիչ մեր Տերը շնորհազարդի բոլոր ընտանիքներին՝ մանկանց քաղցր ճիչով ու երջանկությամբ լցնելու իրենց հարկերը և բարօրության մեջ, ուրախ սրտով կրթելու և մեծացնելու ազգի ու մեր Սուրբ եկեղեցու արժանավոր զավակներ»,–ասել է Գարեգին Բ–ն։
Կաթողիկոսն աղոթել է, որ Տերը Սուրբ Աստվածածնի գթառատ բարեխոսությամբ խաղաղություն և օրհնյալ կյանք պարգևի համայն աշխարհին, մեր երկրին ու ժողովրդին՝ արդար ու բարի գործերով շենացնելու ազգային և հայրենական մեր կյանքը։
Նշենք, որ ապրիլի 7-ին Հայաստանում նշվում է մայրության, գեղեցկության և սիրո տոնը: ՀՀ Տոների ու հիշատակի օրերի մասին օրենքում այս տոնն ամրագրվել է 1995թ.-ին՝ ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի կողմից, բայց տոնի խորհուրդը կրոնական է։
Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Այդ օրը հրեշտակապետը Մարիամ Աստվածածնին տեղեկացրել է, որ նա հղի է, և իր պտուղն Աստծո որդին է։