Կիևը հեռանում է ստամբուլյան պայմանավորվածություններից ու նոր սադրանքներ է ստեղծում. Լավրով

Ուկրաինան հրաժարվում է սեփական առաջարկներից և բազմաթիվ սադրանքներ է ստեղծում բանակցային գործընթացն արգելակելու նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Ուկրաինան հրաժարվում է սեփական առաջարկներից ու բազմաթիվ սադրանքներ է ստեղծում բանակցային գործընթացն արգելակելու համար։ Նման կարծիք է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բահրեյնի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք գնահատեցինք ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքը, ուշադրություն հրավիրեցինք բառացիորեն օրերս բացահայտված փաստերի վրա, երբ ուկրաինական կողմը, ուկրաինացի բանակցողները հեռացել են իրենց սեփական առաջարկներից (որոնք, ընդհանուր առմամբ, դրական են ընկալվել) ու նոր սադրանքներ ստեղծել: Ինչպես դա եղավ Բուչա քաղաքում, եղավ վայրագություններով, որոնք ֆիքսված են տեսանյութում։ Դրանք ցույց են տալիս՝ ինչ են արել ռուս ռազմագերիների հետ «Ազով» գումարտակների անդամներն ու այլ նացիստները»,-ասել է Լավրովը:
Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները կադրեր էին տարածել, որտեղ ցուցադրված են Բուչայում զոհված խաղաղ բնակիչներ։ Նրանք այդ ողբերգության մեջ մեղադրել են ռուսական զորքերին, իսկ Վլադիմիր Զելենսկին կատարվածը որակել է որպես «ցեղասպանություն»։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիևի ռեժիմի կողմից հրապարակված բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք իբր վկայում են Բուչա քաղաքում ռուս զինվորականների կողմից ինչ-որ «հանցագործությունների» մասին, «հերթական սադրանք են»։
Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում` այն ժամանակ, երբ այս բնակավայրը գտնվել է ռուսական զինված ուժերի վերահսկողության տակ, տեղի ոչ մի բնակիչ չի տուժել բռնի գործողություններից։
Նախարարությունը նշել է, որ ռուսական բոլոր ստորաբաժանումներն ամբողջությամբ լքել են Բուչան մարտի 30-ին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 43–րդ օրը։