ԵՐԵՎԱն, 7 ապրիլի - Sputnik. Ապրիլի 5-6-ը Մոսկվայում, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի բազայում կայացել են ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների խորհրդակցություններ «ՀԱՊԿ-ի անդամ պետությունների օդային տարածքում թռիչքների և ՀԱՊԿ-ի անդամ պետությունների զինված ուժերի միջազգային թռիչքների կազմակերպման և կատարման մասին» հարցի շուրջ:
ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) Կիրառման պլանավորման վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Յակովլևի ընդհանուր ղեկավարությամբ անցկացվող խորհրդակցություններին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության (տեսակոնֆերանսի ռեժիմով), Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի և քարտուղարության ներկայացուցիչները:
Ելույթ ունենալով միջոցառման մասնակիցների առջև՝ գեներալ-լեյտենանտ Անատոլի Յակովլևը նշել է, որ Ղազախստանում հունվարին տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին ռազմական զորակազմերի, սպառազինության և ռազմական տեխնիկայի օդային փոխադրումների հետ կապված միջազգային թռիչքների իրականացման հարցերի օպերատիվ լուծման սրությունն ու կարևորությունը՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակին անհապաղ արձագանքելու նպատակով:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի ավիացիայի միջազգային թռիչքների կազմակերպման և ապահովման հարցերի կատարելագործման միասնական մոտեցումները, սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմական գույքի փոխադրման հետ կապված միջազգային տարանցիկ թռիչքների իրականացման թույլտվությունների՝ միջգերատեսչական և միջպետական համաձայնեցման հետ կապված հարցերը:
ՀԱՊԿ-ի նորմատիվ իրավական բազայի կատարելագործման նպատակով նպատակահարմար է համարվել մի շարք փոփոխություններ առաջարկել ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորումների կարգավիճակի մասին 2010 թվականի դեկտեմբերի 10-ի համաձայնագրում, ինչպես նաև զինվորական և այլ կազմավորումների, նրանց շարժական գույքի, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի փոխադրումների ոլորտում ՀԱՊԿ-ի անդամ պետությունների համագործակցության մասին 2015 թվականի սեպտեմբերի 15-ի Համաձայնագրում:
Քննարկվել են կազմակերպության ձևաչափով ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրություն ընդունված համաձայնագրերի նորմերի իրականացմանն առնչվող հարցեր: