Կառավարությունը 3 ամսով երկարացրեց անհետ կորածների ընտանիքներին տրվող աջակցության ժամկետը

ՀՀ կառավարության հերթական նիստը (13 հունվարի, 2022թ). Երևան
Նախորդ որոշմամբ հաստատված ժամկետը լրացել էր 2021թ. նոյեմբերի 1-ին, գումարների տրամադրումը` դադարեցվել, ինչը անհետ կորած զինծառայողների հարազատների շրջանում բողոքներ է առաջացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքները ևս 3 ամիս աջակցություն կստանան։ Որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում։
Բանն այն է, որ մինչ այդ հաստատված կարգով նախատեսվում էր անհետ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամսյա 300 000 դրամի աջակցություն տրամադրել 1 տարի ժամկետով, մինչև դատական կարգով անհետ կորածի կարգավիճակի հաստատումը։
2021թ. նոյեմբերի 1-ից մեկ տարին լրացել է, գումարների տրամադրումը` դադարեցվել, ինչը դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող զինծառայողների հարազատների շրջանում բողոքներ է առաջացրել։
Հաշվի առնելով այդ հանգամանքը` կառավարությունն այսօր կայացրած որոշմամբ աջակցության վճարման ժամկետը 12 ամսվա փոխարեն սահմանեց 15 ամիս` անհետ կորած զինծառայողների ընտանիքներին հնարավորություն ընձեռելով դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու գործընթացը ավարտին հասցնելու և հնարավոր բողոքներից զերծ մնալու նպատակով:
Այսպիսով` 132 անհետ կորած զինծառայողի ընտանիքներ ևս 3 ամիս 300 000–ական դրամ աջակցություն կստանան, որի ընդհանուր ծախսը կկազմի 118 800 000 ՀՀ դրամ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած տեղեկանքի համաձայն` 2022թ–ի փետրվարի 25–ի դրությամբ ՊՆ ներկայացված դատական կարգով անհայտ բացակայող ճանաչված 127 զինծառայողի փաստաթղթերից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է ներկայացվել 114–ինը, որոնցից 13-ը գտնվում է ուսումնասիրության փուլում։
Մինչ օրս Ադրբեջանը 150 գերի է հանձնել Հայաստանին։ Մարտի 21–ի դրությամբ անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։