ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Ռուսաստանը հույս ունի, որ Ուկրաինայում հատուկ գործողությունը «առաջիկա օրերին, տեսանելի ապագայում» կհասնի իր նպատակներին: Այս մասին Sky News հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք իսկապես հույս ունենք, որ առաջիկա օրերին, տեսանելի ապագայում այդ գործողությունը կհասնի իր նպատակներին կամ կավարտվի ռուսական և ուկրաինական պատվիրակության միջև բանակցությունների միջոցով»,-ասել է Պեսկովը:
Նա նշել է, որ ռուս զինվորականներն ամեն ինչ անում են գործողությունն ավարտելու համար։
Պեսկովը նաև ասել է, որ Ուկրաինայում հատուկ գործողությունը կարող է ավարտվել դիվանագիտական ճանապարհով, դա կախված է Ուկրաինայի դիրքորոշումից ու Ռուսաստանի պայմանների հետ համաձայնության գալուց:
«Այո, կարող է։ Դա մեծապես կախված կլինի ուկրաինական դիրքորոշման հետևողականությունից ու որքանով նրանք պատրաստ կլինեն համաձայնել մեր պայմաններին»,-ասել է Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է նաև, որ Ռուսաստանը Մարիուպոլում և Բուչայում տեղի ունեցած իրադարձություններից շատ վկաներ ունի, որոնք խոսում էին ուկրաինական ազգային գումարտակների կատարած սարսափելի գործողությունների մասին:
«Միևնույն ժամանակ, մենք ունենք ավելի մեծ թվով վկաներ ու մարդիկ, որոնք այդ իրավիճակներում եղել են Մարիուպոլում ու Բուչայում, Ուկրաինայի այլ քաղաքներում, որոնք մեզ սարսափելի բաներ են պատմել այն ազգայնական գումարտակների մասին, որոնք խոշտանգել են մարդկանց, որոնք թույլ չեն տվել նրանց լքել քաղաքը», - ասել է Պեսկովը:
Նա մեծ ողբերգություն է անվանել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում ռուս զինվորականների շրջանում զգալի կորուստները:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 43–րդ օրը։