ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել, որով դադարեցվում է Ռուսաստանի աշխատանքը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Բանաձևին կողմ է քվեարկել 93 պետություն, դեմ՝ 24, ձեռնպահ են մնացել 58 պետություն։
Բանաձևի նախագիծը պատրաստել են արևմտյան մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Ուկրաինան, Լատվիան:
Բանաձևի համաձայն՝ Գլխավոր վեհաժողովը «որոշել է կասեցնել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ՌԴ-ի անդամակցության իրավունքները»: Ընդ որում՝ տեքստում նշված է, որ Գլխավոր վեհաժողովը որոշում է ընդունում «անհրաժեշտության դեպքում վերանայել հարցը»:
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահի գրասենյակում բարզաբանել են, որ բանաձևի ընդունումից հետո Ռուսաստանը պահպանում է իր տեղը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում, բայց զրկվում է ձայնի ու ելույթ ունենալու իրավունքից։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից Ռուսաստանի հեռացումն անհնար է, այդ մարմնի աշխատանքը լիարժեք չի լինի: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկին իր հերթին նշել էր, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ՌԴ աշխատանքի դադարեցումը կարող է կործանարար հետևանքներ ունենալ ՄԱԿ-ի համակարգի համար: