ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն ռուսական գազի մատակարարումների վճարման հարցում ընդհանուր դիրքորոշում դեռ չի մշակել: Նրա խոսքը մեջբերում Է ՏԱՍՍ-ը։
«Մեծ նշանակություն ունեն գազի մատակարարման պայմանագրերը, վճարման ինչ տարբերակներ են դրանք նախատեսում, սովորաբար դա եվրոն է կամ դոլարը»,– պարզաբանել է ֆոն դեր Լայենը:
Նա հավելել է, որ նախագահական հրամանագիրը հանգամանորեն կվերլուծվի (գազի մատակարարման դիմաց ռուբլով վճարելու մասին), սակայն ընդհանուր դիրքորոշում դեռ չկա:
Մարտի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կենտրոնական բանկին, «Գազպրոմին» և կառավարությանը հանձնարարեց ռուբլով կատարել ոչ բարեկամական երկրներին գազ մատակարարելու հաշվարկները:
Միաժամանակ նա հայտնեց, որ Ռուսաստանը կշարունակի գազ մատակարարել այն ծավալներով և գներով, որոնք արձանագրված են ավելի վաղ կնքված պայմանագրերում, քանի որ երկրի համար կարևոր է սեփական հեղինակությունը: