«Արցախի վերջնական կարգավիճակ» ձևակերպումը մի շարք խնդիրներ ունի։ Sputnik Արմենիայի եթերում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Աննա Կարապետյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց բրյուսելյան հանդիպումների մանրամասները` վերահաստատելով, որ ՀՀ իշխանության համար Ադրբեջանի ներկայացրած 5 առաջարկներն ընդունելի են, բայց դրանք չեն ամբողջացնում խաղաղության օրակարգը։ Ըստ վարչապետի` ՀՀ–ի համար սկզբունքային նշանակություն ունեն ԼՂ–ի ժողովրդի անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև ԼՂ–ի վերջնական կարգավիճակի ճշգրտումը։
«Երբ մենք պարզապես ասում ենք Արցախի վերջնական կարգավիճակ, դեռ չի նշանակում Արցախի ժողովրդին ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորություն տալ, ու երբ չի խոսվում առանց որևէ սահմանափակման կարգավիճակի մասին, նշանակում է՝ Ադրբեջանի կողմից պարտադրվող ինչ-որ կարգավիճակն Ադրբեջանի կազմում նույնպես կարգավիճակ է»,– ասաց Կարապետյանը և հավելեց` իշխանությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե Արցախի ինքնորոշման իրավունքին ու կարգավիճակին առնչվող հարցերն իր ուշադրության կենտրոնում են և դրանք դնում է բանակցային գործընթացի հիմքում։
Հարցեր է առաջացնում նաև «Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքներ» ձևակերպումը։ Կարապետյանի դիտարկմամբ՝ չի խոսվում Արցախի՝ որպես առանձին միավորի անվտանգության մասին, հետևաբար սա ևս կարող է այլ կերպ մեկնաբանվել։
«Օրինակ՝ Ադրբեջանի կողմից ինչ-որ երաշխիքներ տալը, թե Ադրբեջանի կազմում Արցախի ժողովրդի համար կապահովվեն անվտանգության երաշխիքներ։ Այսինքն` սա որևէ կերպ չի ապահովագրում նախկին սցենարների կրկնումից»,- ասաց Կարապետյանը։
Իսկ հայկական կողմի խնդիրը, քաղաքագետի խոսքով, երբևէ չի եղել նման հարցերի լուծումը, այլ եղել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացումն ու այդ իրացման արդյունքների ճանաչումը Ադրբեջանի կողմից։
«Այսինքն` այն փաստը, որ Արցախի ժողովուրդն ինքը կորոշի, թե ինչ կարգավիճակով է ուզում ապրել, և Ադրբեջանն էլ այդ կարգավիճակը կճանաչի, հենց դա կլինի անվտանգության երաշխիք։ Այսօր առաջ քաշած ձևակերպումները որևէ կերպ չեն վերաբերվում նշված խնդիրներին»,- ասաց քաղաքագետը։
Անդրադառնալով Բրյուսելում կայացած բանակցություններին` Կարապետյանը նշեց, որ բրյուսելյան հայտարարությունները, ըստ էության, մի քանի բանի մասին են վկայում․ առաջինը և ամենաակնառուն այն է, որ ԵՄ-ն փորձում է իր վրա վերցնել հիմնական միջնորդական դերակատարումը և որքան հնարավոր է նվազեցնել Ռուսաստանի դերակատարումը տարածաշրջանում և դրան առնչվող գործընթացներում։
Բրյուսելում երկու հստակ հարց կար` այսպես կոչված խաղաղության պայմանագիրը և դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովը։ Կարապետյանի խոսքով՝ այս երկու հարցի հետ կապված էլ իրականում շատ ավելի տրամաբանական կլիներ, եթե շեշտվեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո բանակցային գործընթաց սկսելը կամ այդ ուղղությամբ աշխատանք տանելը, հատկապես, երբ ԵՄ-Հայաստան համապարփակ համաձայնգրում ամրագրված է՝ ԵՄ-ն ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո բանակցային գործընթացի արդյունքում։
«Այսօր այն, ինչ հայտարարում է Շառլ Միշելը, ըստ էության, հակասում է ԵՄ–ի որդեգրած և վավերացրած իրավական այդ մոտեցմանը։ Այսօր փորձ է արվում ԵՄ կողմից նոր ձևաչափ ստեղծել, որտեղ բանակցությունները ԵՄ միջնորդությամբ կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- նշեց Կարապետյանը։
Դելիմիտացիայի հարցով հանձնաժողովի վերաբերյալ էլ քաղաքագետը հիշեցրեց՝ դեռ նոյեմբերի 26-ին Ռուսաստանում եռակողմ հանդիպումից հետո էր հայտարարվել նման հանձնաժողով ստեղծել, սակայն փաստն այն է, որ այդ պայմանավորվածությունը չի կատարվել, իսկ երեկ Բրյուսելում որոշվեց մինչև ապրիլի վերջ ստեղծել հանձնաժողովը։ Բացի այդ, Ռուսաստանի հանդիպմանը նշվել էր, որ Ռուսաստանը հայտի դեպքում պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել, հետո ի պատասխան ԵՄ ձգտումներին, ՌԴ նախագահն ասել էր՝ երրորդ երկրի աջակցության կարիք չի լինի։
Ըստ Կարապետյանի` նաև ուշագրավ է, որ այդ հանձնաժողովը ոչ միայն դելիմիտացիայի հարցերով է զբաղվելու, այլև սահմանի երկայնքով և դրա շուրջն անվտանգության ապահովման խնդրով, ինչը նույնպես Ռուսաստանի շահերի հետ ուղղակիորեն առնչվող մոտեցում է, որովհետև պատերազմից հետո տարածաշրջանում անվտանգության հիմնական երաշխավորը ՌԴ-ն է։
Ապրիլի 6-ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:
Եռակողմ հանդիպումից հետո Միշելը հայտարարեց, որ որոշել են հստակ գործընթաց սկսել խաղաղության բանակցությունների և պայմանագրի համար։
Մինչ եռակողմ հանդիպումը Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց էր ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ` ներկայացնելով ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:
Եռակողմ հանդիպումից առաջ Շառլ Միշելի հետ առանձնազրույց էր ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Մինչ Բրյուսել մեկնելը Փաշինյանը հայտարարել էր, որ մտադիր է Ադրբեջանի նախագահի հետ համաձայնեցնել խաղաղ բանակցությունների մեկնարկի հարցերը: