ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ավստրիան արտաքսում է ռուսաստանցի 4 դիվանագետի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ավստրիայի արտգործնախարարությանը։
«Ավստրիայի Հանրապետության եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարարությունը որոշել է դիվանագիտական կարգավիճակից զրկել Վիեննայում ՌԴ դեսպանատան 3 աշխատակցի և Զալցբուրգում ՌԴ գլխավոր հյուպատոսության մեկ աշխատակցի», – ասված է ԱԳՆ–ի հայտարարության մեջ։
Նշվում է, որ ՌԴ գերատեսչությունների նշված աշխատակիցները գործողություններ են կատարել, որոնք չեն համապատասխանում իրենց դիվանագիտական կարգավիճակին, այդ պատճառով «անցանկալի անձ» են հայտարարվել։
Նշված աշխատակիցները մինչև 2022 թվականի ապրիլի 12-ը պետք է լքեն Ավստրիայի Հանրապետության տարածքը։
Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո Արևմուտքի երկրները սկսել են արտաքսել ռուսաստանցի դիվանագետներին։ Ըստ ՌԻԱ Նովոստիի հաշվարկների՝ մեկ ամսում մոտ 300 մարդ է արտաքսվել, և այդ թիվը կավելանա, քանի որ առայժմ ոչ բոլոր երկրներն են հրապարակել արտաքսվող ռուսաստանցիների թիվը:
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 43–րդ օրը։