ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ավստրալիայի և Նոր Զելանդիայի վարչապետներ Սքոթ Մորիսոնը և Ջասինդա Արդերնն ընդգրկվել են ՌԴ-ի պատժամիջոցների ցուցակում: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքը։
«Հլու-հնազանդ հետևելով «հավաքական Արևմուտքի» կուրսին՝ Կանբերան ռուսատյաց մոլեռանդության մեջ սահմանել է պատժամիջոցներ, որոնք անդրադարձել են ՌԴ բարձրագույն ղեկավարների և գրեթե ողջ պատգամավորական կորպուսի վրա։ Ի պատասխան դրա` ս. թ. ապրիլի 7-ից Ռուսաստան մուտքը փակող անձանց «ստոպ – ցուցակում» ընդգրկվում են Ավստրալիայի ազգային անվտանգության կոմիտեի, ներկայացուցիչների պալատի, Սենատի ու տարածաշրջանային օրենսդրական հավաքների անդամները»,-ասվում է հաղորդագրության մեջ:
«Ստոպ-ցուցակում» ընդգրկված են ընդհանուր առմամբ 228 անձ: Մոտ ժամանակներս նոր հայտարարություններ կլինեն պատժամիջոցների «սև ցուցակի» ընդլայնման մասին։ Ռուսաստանի ԱԳՆ-ն նախազգուշացրել է, որ դրանում կընդգրկվեն ավստրալացի զինվորականներ, գործարարներ, փորձագետներ ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք «նպաստում են մեր երկրի նկատմամբ բացասական վերաբերմունքի բորբոքմանը»։
Բացի այդ, ՌԴ-ն պատժամիջոցների ցանկում ներառել է Նոր Զելանդիայի 130 քաղաքացու։
«Պաշտոնական Վելինգտոնի կողմից աննախադեպ պատժամիջոցների սահմանման կապակցությամբ, որոնք շոշափել են ՌԴ բարձրագույն ղեկավարներին ու պատգամավորական կորպուսի զգալի մասին, ս.թ. ապրիլի 7-ից փոխադարձության հիմունքներով ռուսական «սև ցուցակում» ընդգրկվում են Նոր Զելանդիայի կառավարության անդամներն ու խորհրդարանականները»,-հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:
Նշվում է, որ այդ քայլը ձեռնարկվել է ներկայիս Ավստրալիայի կառավարության ոչ բարեկամական գործողություններին արձագանքելու կարգով։ Այդ կառավարությունը պատրաստ է աջակցել ցանկացած գործողության, որը նպատակ ունի զսպել Ռուսաստանին:
«Յուրաքանչյուր հակառուսական քայլ՝ անձնական նոր պատժամիջոցների սահմանումից մինչև երկկողմ տնտեսական հարաբերությունների սահմանափակում, ինչը վնաս է հասցնում հենց ավստրալացիների շահերին, վճռական հակահարված կստանա», – ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում:
«Ստոպ-ցուցակում» ընդգրկված բոլոր անձանց մուտքը Ռուսաստանի Դաշնություն փակ է: