Արարատ Միրզոյանը Մոսկվայում կհանդիպի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը ներկայացրել է Միրզոյանի մոսկովյան այցի օրակարգը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 8-ին նախատեսում է հանդիպումներ անցկացնել ոչ միայն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, այլև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Տեղեկությունը հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
«Ապրիլի 8-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա։ Այցի շրջանակում տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը», - հայտնել է Հունանյանը։
Նա նշել է, որ Մոսկվայում Միրզոյանը կհանդիպի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ:
Այլ մանրամասներ Հունանյանը չի ներկայացրել։
Հիշեցնենք` Միրզոյանի մոսկովյան այցի մասին ապրիլի 6–ին կայացած ճեպազրույցում հայտնել էր նաև ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել էր, որ Միրզոյանն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանգամանորեն կքննարկեն տարբեր ոլորտներում երկկողմ դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցության ընդլայնման, ինչպես նաև այլ միջազգային հարթակներում համագործակցության քայլերը։
ԼՂ հիմնախնդրից մինչև խաղաղության պայմանագիր. քաղաքագետը` Միրզոյանի մոսկովյան այցի մասին
Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի` Մոսկվան ակնկալում է, որ առաջիկա բանակցությունները կնպաստեն Երևանի հետ դաշնակցային գործակցության խորացմանը, Անդրկովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանը: