ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ԱՄՆ սենատորները կողմ են քվեարկել Ռուսաստանից էներգակիրների ներմուծումն արգելելուն՝ որպես պատասխան Ուկրաինայի դեպքերին։ Օրինագծի օգտին արդեն արտահայտվել են Կոնգրեսի վերին պալատի հարյուր անդամներից 55-ը, դեռևս ոչ ոք դեմ չի քվեարկել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նախաձեռնությունը, ըստ էության, կրկնօրինակում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մարտի սկզբի հրամանագիրը, որն արգելում է ՌԴ-ից էներգակիրների ներմուծումը և նոր ներդրումները ռուսական էներգետիկ ոլորտում:
Սենատում քվեարկությունից հետո օրինագիծը կվերադարձվի Ներկայացուցիչների պալատ՝ հաստատելուց առաջ կատարված փոփոխությունները հաշվի առնելու համար։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 43–րդ օրը։