Սրտաբանության ինստիտուտի տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է գրել

Երևան քաղաքի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյան. Արխիվային լուսանկար
Նա որոշում է կայացրել ինքն իրեն ազատել «ադմինիստրատիվ ծանրաբեռնվածությունից», սակայն կշարունակի կլինիկական գործունեությամբ զբաղվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Երևանի Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Երևան քաղաքի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետին։ Տեղեկությունը Զելվեյանը հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։
Նա ընդգծել է, որ որոշել է ինքն իրեն ազատել «ադմինիստրատիվ ծանրաբեռնվածությունից»։
«Չեմ ափսոսում Սրտաբանության ինստիտուտին իմ կյանքից անմնացորդ նվիրած տարիների համար և ունեմ բավարարվածության զգացողություն իմ ու մեր թիմի կողմից իրականացրած աշխատանքներից»,– նշել է նա։
Վերջինս հույս է հայտնել, որ կայացրած որոշման շնորհիվ կկարողանա լիարժեք ժամանակ տրամադրել կլինիկական և գիտակրթական գործունեությանը, ինչն իր համար առավել հոգեհարազատ է: