«Շտապբուժօգնությունից» արդեն հետ կզանգեն քաղաքացիներին

Ներդրված նոր համակարգի շնորհիվ 1-03 հեռախոսահամարի մուտքային բոլոր զանգերը կգրանցվեն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. «Շտապբուժօգնություն» ընկերության զանգերի կենտրոնում գործարկվել է հետադարձ հեռախոսազանգի համակարգը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը:
Նրա խոսքով` նոր համակարգի շնորհիվ 1-03 հեռախոսահամարի մուտքային բոլոր զանգերը կգրանցվեն և անպատասխան չեն մնա:
Վերջերս տարբեր հարթակներում մարդիկ իրենց դժգոհությունն էին հայտնում` նշելով, որ անհնար է դարձել «Շտապբուժօգնության» հետ կապ հաստատելը։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ավագանու փետրվարի 7–ի նիստում պատասխանատուներին հրահանգեց արագ կարգավորել խնդիրը։ Նա նշեց, որ այդ համակարգը պետք է փոփոխության ենթարկվի. բոլոր քաղաքացիների զանգերը պետք է երևան, նույնիսկ եթե հեռախոսագծերը զբաղված են, իսկ աշխատակիցները պետք է հնարավորություն ունենան թեկուզ 2-3 ժամ անց հետ զանգահարելու։