Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը կբանակցեն Մոսկվայում

Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը
Մոսկվան ակնկալում է, որ առաջիկա բանակցությունները կնպաստեն Երևանի հետ դաշնակցային գործակցության խորացմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդ մասին հայտնել է ճեպազրույցում:
Այցի շրջանակում Միրզոյանն ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ կանցկացնեն։

«Մեր երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանորեն կքննարկեն տարբեր ոլորտներում երկկողմ դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցության ընդլայնման, ինչպես նաև այլ միջազգային հարթակներում համագործակցության քայլերը»,- նշել Է Զախարովան:

Բացի այդ, կարծիքներ կփոխանակվեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքի վերաբերյալ:
Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի` Մոսկվան ակնկալում է, որ առաջիկա բանակցությունները կնպաստեն Երևանի հետ դաշնակցային գործակցության խորացմանը, Անդրկովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանը:
Արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել մարտի 21-ին և անդրադարձել եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Միրզոյանը Լավրովին է ներկայացրել խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի դիրքորոշումը։