Փորձել են հրկիզել Վլադիմիր Սոլովյովի առանձնատունը. իտալական ԶԼՄ

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ առգրավելով տեսախցիկների կադրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Ապրիլի 6-ի առավոտյան անհայտ անձինք փորձել են հրկիզել հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի` Իտալիայի Կոմո քաղաքում գտնվող առանձնատունը։ Ինչպես հայտնում է «La Repubblica»-ն, հրշեջները մարել են կրակը։ Նշվում է, որ հրկիզողներն անվադողեր են օգտագործել։ Լրատվամիջոցի տվյալներով՝ անհայտ անձանց գործողություններից տուժել է նաև Կոմո քաղաքում գտնվող մեկ այլ տուն ևս, որը ենթադրաբար նույնպես պատկանում է Սոլովյովին։ Նրանք մակագրություններ են արել տան պատերին։
Ըստ կայքի` Սոլովյովը 8 մլն եվրո ընդհանուր արժեքով 3 անշարժ գույք ունի Կոմոյում։
Իրավապահները հետաքննություն են սկսել՝ առգրավելով տեսախցիկների կադրերը։ Նրանք կապ են հաստատել նաև անձամբ հաղորդավարի հետ։
Իտալիայի Կոմո լճի արևմտյան ափին գտնվող առանձնատան վրա արգելանք է դրվել Սոլովյովի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների շրջանակում։