Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և վարչապետին

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ու Չինաստանը զգալի արդյունքների են հասել առևտրի, տնտեսության, զարգացման, անվտանգության, մշակույթի, կրթության, գիտության և այլ ոլորտներում համագործակցելիս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի– Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և ՉԺՀ պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանին՝ ՀՀ-ՉԺՀ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Չինաստանի նախագահին ուղղված ուղերձում վարչապետը նշել է, որ հայ-չինական բարեկամական կապերն ունեն հարուստ պատմություն և դրանք անցած երեսուն տարիների ընթացքում շարունակաբար զարգացել են առողջ և հաստատուն ուղիով:
«Հայաստանի և Չինաստանի միջև պահպանվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ամրապնդվել է փոխգործակցությունը միջազգային և տարածաշրջանային հարցերում, այդ թվում՝ բազմակողմ հարթակներում»,–նշել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ երկու երկրները զգալի արդյունքների են հասել առևտրի, տնտեսության, անվտանգության, մշակույթի, կրթության, գիտության և այլ ոլորտներում համագործակցելիս, ամրապնդվել է հայ և չինացի ժողովուրդների բարեկամությունը, խորացել փոխադարձ ըմբռնումն ու ճանաչելիությունը:
Փաշինյանն իր գործընկեր Լի Կեցյանին ուղղված ուղերձում էլ նշել է, որ Չինաստանը Հայաստանի կողքին է եղել տրամադրված անհատույց օգնության շրջանակում իրականացված ծրագրերով։
Ինչպես ավելացնել արտահանումների ծավալը դեպի Չինաստան. Քերոբյանը խոսել է գործարարների հետ
Նա ընդգծել է, որ երկու երկրների փոխադարձ սատարման և գործակցության վերջին օրինակներից է COVID-19 համավարակի դեմ համատեղ պայքարը։
Փաշինյանը քաջառողջություն և հետագա հաջողություններ է մաղթել երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ հարատև բարեկեցություն և խաղաղություն: