ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. «5165 շարժումը» ՀՀ կառավարության շենքի մոտ ակցիա իրականցրեց` Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և այդ ուղղությամբ աշխատանքներ տանելու պահանջով։
«5165 շարժման» համահիմնադիր Մենուա Սողոմոնյանը շեշտեց, որ իրենք պահանջում են նաև ՀՀ իշխանություններից չընդունել այնպիսի որոշումներ, որոնք կարող են վնասել Արցախի Հանրապետության շահերին։
Էդգար Ղազարյանը «5165» շարժման ակցիային
© Sputnik / Asatur Yesayants
«Մենք այսօր բողոքում ենք նաև գործող իշխանության ադրբեջանանպաստ քաղաքականության և այդ համատեքստում այսօր Բրյուսելում կայանալիք (Նիկոլ Փաշինյան–Իլհամ Ալիև` խմբ.) հանդիպման դեմ։ Ցանկանում ենք ուղերձ հղել դեպի Բրյուսել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրավատերը հենց իրենք են և ոչ ոք, առաջին հերթին Նիկոլ Փաշինյանը, մանդատ չունի արցախցու անունից որևէ փաստաթուղթ ստորագրելու կամ որևէ հայտարարություն անելու, որն ուղղակի կամ անուղղակի ձևով կկանխորոշի Արցախի` Ադրբեջանի մաս լինելը»,– նշեց Սողոմոնյանը։
Շարժման անդամը շեշտեց` Հայաստանը պետք է ճանաչի Արցախը, ինչպես նաև նպաստի նրա միջազգային ճանաչմանը:
Մենուա Սողոմոնյանը. «5165» շարժման ակցիան
© Sputnik / Asatur Yesayants
Սողոմոնյանը նաև արձանագրեց, որ իրենց պահանջը ներկայացրել են նաև 2 օր առաջ` Ազգային ժողովի շենքի դիմաց, սակայն դեռևս ՀՀ իշխանությունից ոչ ոք չի արձագանքել։
Բացի այդ, շարժումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից պահանջում է Ադրբեջանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ և շարունակել աշխատանքը մի ձևաչափով, որը գործում էր երկար տարիներ:
Իր հերթին շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ոչ մի լավ բան չի խոստանում: Նրա խոսքով՝ Հայաստանում բողոքի շարժումներն ու ցույցերը կխափանեն հայկական շահերին հակասող փաստաթղթի ստորագրումը։
«Հայաստանում կան ուժեր, որոնք անկախ նրանից, թե ինչ և որտեղ կստորագրի Փաշինյանը, դեմ կլինեն այն փաստաթղթերին, որոնք ենթադրում են Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելը»,- ասաց Տոնոյանը։
«5165» շարժման ակցիան
© Sputnik / Asatur Yesayants
Ակցիայի անդամներն իրենց ձեռքերում պահում են «Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը», «Ճանաչենք Արցախը», «Արցախի փրկություն, Հայաստանի անվտանգություն, ազգային արժանապատվություն» գրառմամբ պաստառներ։
Ապրիլի 6-ին, Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի նախաձեռնությամբ տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
«5165» ակցիան
© Sputnik / Asatur Yesayants
ՀՀ կառավարության ղեկավարը հայտարարել է, որ մտադիր է Ադրբեջանի նախագահի հետ համաձայնեցնել խաղաղ բանակցությունների մեկնարկի հարցերը:
Հիշեցնենք` «5165 շարժման» ներկայացուցիչներն ապրիլի 4-ին ակցիա էին իրականացնում Ազգային ժողովի դիմաց, որի ժամանակ պատգամավորներին պահանջագիր ներկայացրին` պահանջելով օրենսդիրից ճանաչել Արցախի անկախությունը և անհապաղ աշխատանքներ սկսել նրա միջազգային ճանաչման ուղղությամբ։