Հայաստանը ՅՈւՆԵՍԿՕ-ում պաշտպանել է ռուսաց լեզվի համաշխարհային օր հռչակելու գաղափարը

Ռուսաց լեզվի համաշխարհային օր հռչակելու նախաձեռնությունը մոտ ապագայում կքննարկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Հայաստանը մի քանի այլ պետությունների հետ հանդես է եկել որպես ռուսաց լեզվի համաշխարհային օր հռչակելու նախաձեռնության համահեղինակ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ակնկալում ենք, որ լրացուցիչ համահովանավորներ ևս կմիանան», - ասել է Զախարովան:
Նա հիշեցրել է, որ այսօր ռուսաց լեզուն աշխարհի ամենատարածված լեզուներից է, ամենամեծ սլավոնական լեզուն, որով խոսում են մոլորակի բոլոր մայրցամաքներում ապրող ավելի քան 258 միլիոն մարդ, նրանցից կեսը՝ Ռուսաստանից դուրս։
Նշենք, որ Հայաստանից ու Ռուսաստանից բացի, համապատասխան որոշման նախագծի համահեղինակներն են նաև Ադրբեջանը, Բելառուսը, Վենեսուելան, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Նիկարագուան, Պաղեստինը, Սիրիան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը։
Նախաձեռնության քննարկումը տեղի կունենա օրերս ՅՈւՆԵՍԿՕ-ի 214-րդ գործադիր խորհրդի շրջանակներում, կազմակերպության փարիզյան կենտրոնակայանում։