Ղրիմում հիմա էլ կա Սևծովյան Հայաստանը. փոխվարչապետ Մուրադով

Գեորգի Մուրադով
Sputnik
Ղրիմին ու Հայաստանին իրար հետ կապողը միայն պատմությունը չէ։ Թերակղզում հայկական մեծ համայնք կա, որը փորձում է տնտեսական ու հասարակական հարաբերություններ զարգացնել պատմական հայրենիքի հետ: Ղրիմի Հանրապետության փոխվարչապետ, մեր հայրենակից Գեորգի Մուրադովը, որը հիմա Երևանում է, Sputnik Արմենիային պատմել է, թե ինչպես է դա տեղի ունենում։ Նա խոսել է նաև չլուծված հարցերի մասին։ Զրուցել է Դմիտրի Պիսարենկոն։
- Ո՞րն է Ձեր այցի առիթը։
- Ղրիմի պատվիրակությունը պարբերաբար է այցելում հնագույն Հայաստանի տարածք, և, իհարկե, կազմում ընդգրկվում են հայ համայնքի ներկայացուցիչները։ Հայերի արմատները բազմադարյա պատմություն ունեն Ղրիմում, իզուր չէ, որ միջնադարում Ղրիմն անվանում էին Սևծովյան Հայաստան։
- Որտեղի՞ց է հայտնվել այդ բնորոշումը։
- Բյուզանդական կայսրությունում հայերը մշտապես կարևոր դեր են խաղացել, և երբ այդ հզոր պետությունը սկսեց անկում ապրել իսլամական ժողովուրդների հարվածներից, որոնք հետո այն վերածեցին Օսմանյան կայսրության, հայերը շարժվեցին դեպի սևծովյան ափեր։ Նրանց մի մասը հաստատվեց Կովկասի սևծովյան ափերին, իսկ մյուս մասն ավելի հեռու գնաց և հաստատվեց Ղրիմում։
- Պատմական ո՞ր ժամանակահատվածում է դա եղել։
- Հայերի խոշոր վերաբնակեցումը Ղրիմում թվագրվում է 12-14-րդ դարերով։ Հենց այդ շրջանում է մատենագրություններում հայտնվել Սևծովյան Հայաստանի մասին հիշատակումը։ Թերակղզու հայկական ամենահայտնի վանքը՝ Սուրբ խաչը, կառուցվել է 14-րդ դարի առաջին կեսին։
Այն ժամանակներից ի վեր հայերը մասնակցել են Ղրիմի պետականության զարգացմանը։ Այսօր էլ հայ համայնքը եռանդուն մասնակցություն ունի մեր բազմազգ և բազմակրոն հանրության կյանքում։ Ղրիմի հայերը շատ ակտիվ են բոլոր գործերում, որոնք կապված են Ռուսաստանի դիրքերի ամրապնդման հետ, քանի որ հոգու խորքում նրանք շատ ուժեղ են զգում ժամանակների կապը։ Դրա արմատները դարերի խորքում են, արևելյան քրիստոնեության առաջացման և ձևավորման աղբյուրներում։
- Ինչպե՞ս են կարգավորվում Ղրիմի կապերը Հայաստանի հետ։
- Երևանում մեր պատվիրակության մասնակցությամբ տեղի ունեցավ գործարար համաժողով։ Մենք նաև առանձին հանդիպումներ ունեցանք հայ գործարարների հետ։ Հսկայական հետաքրքրություն կա միմյանց նկատմամբ։ Արևմտյան «դժոխային» պատժամիջոցների պայմաններում Հայաստանը գրավիչ է դառնում։ ՀՀ տնտեսությունը կարող է լրացուցիչ միջոցներ ներգրավել, և հենց այդ ուղղությամբ էլ տրամադրված է ռուսական, այդ թվում՝ ղրիմյան բիզնեսը։
- Կոնկրետ ո՞ր ոլորտների մասին է խոսքը։
- Կան ապրանքներ, որոնք Հայաստանում չեն արտադրվում և հակառակը։ Օրինակ՝ Ղրիմում շատ լավ է զարգացած քիմիական արդյունաբերությունը, իսկ հազվագյուտ գունավոր մետաղները, որոնք արտադրվում են հայկական կոմբինատներում, պետք են մեր մալուխային արդյունաբերության համար։
Կամ, օրինակ, հայկական ծիրանը, որն արդեն ապրանքանիշ է ոչ միայն Ղրիմի, այլև ամբողջ Ռուսաստանի համար։ Մենք էլ մեր հրաշալի ծիրանն ունենք, բայց Հայաստանի ծիրանի նմանը չկա։ Զբոսաշրջությունը նույնպես ակնհայտ հեռանկարներ ունի։
Իմ ամբողջ հարգանքով հանդերձ` Հայաստանում այնպիսի մասշտաբային առողջարանային-բուժական համալիր չկա, ինչպիսին Ղրիմում է։ Հայաստանի բնակիչներն ամենայն հավանականությամբ կցանկանան գալ մեզ մոտ, հանգստանալ, բուժվել։ Թե՛Ղրիմում, թե՛ Հայաստանում հսկայական թվով պատմական տեսարժան վայրեր կան։ Չէ՞ որ մարդկանց ոչ միայն մեջքը արևին տալն է հետաքրքրում։ Այդ ամենը պետք է զարգացնել, իսկ պետական համակարգը պետք է նպաստի դրան, ոչ թե թաքնվի ու խանգարի։
- Ստացվում է, որ գործընթացն այնքա՞ն էլ հարթ չի ընթանում։
- Առայժմ թույլ է զգացվում հայկական իշխանությունների մասնակցությունը, որոնք կարծես թե չեն մերժում, բայց միաժամանակ մի տեսակ փշաքաղվում են Ղրիմ բառից։ Հայերը և՛ այստեղ են ապրում, և՛ այնտեղ, և մոտ ազգականներն ուզում են այցելել միմյանց։ Ուրեմն ինքնաթիռով մեկնելու հնարավորություն տվեք։ Բայց մեզ ոչ «այո» են ասում, ոչ էլ` «ոչ»։ Ամեն ինչ գորգի տակ են թաքցնում, ուստի մենք մտադիր ենք այս այցի ընթացքում որևէ հստակ բան պայմանավորվել այս հարցում։
- Ղրիմի հետ ավիահաղորդակցության խնդիրն ինչի՞ հետ է կապված։ Արևմուտքը կարող է ՀՀ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառե՞լ։
-Եթե Հայաստանը ավիահաղորդակցություն ունի պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի հետ, ապա արդեն պիտի կարևոր չլինի, թե ռուսական որ մարզից են ինքնաթիռները Երևան հասնում։ Կամ իշխանությունների պասիվ կեցվածքի մեկ այլ օրինակ բերեմ` երկաթուղային հաղորդակցությունը Աբխազիայի հետ։ Այնտեղ բնակչության մոտ մեկ երրորդը հայեր են։ Ախր ինչպե՞ս կարելի է չաշխատել համայնքի հետ՝ Աբխազիայի կողմից փոխադրումների վերսկսման շահավետ որոշում կայացնելու համար։ Պետք է աշխատել ցանկացած դեպքում` չնայած մասնակիորեն ճանաչված Աբխազիայի կարգավիճակին։ Աշխարհը փոխվել է, արդեն վախենալու և ամաչելու բան չկա։
- Ղրիմի և Հայաստանի հարաբերություններում լավատեսության առիթ կա՞։
- Շատ լավ են զարգանում հանրային կապերը։ Ղրիմի բարեկամների ակումբը, որը կա Հայաստանում, ցույց է տվել, որ Ռուսաստանի ամենահետևողական և հաստատուն կողմնակիցն է։ Ղրիմի հայ համայնքն իր հերթին բաղկացած է այնպիսի հայրենասերներից, ինչպիսին է խորհրդարանական Արմեն Մարտոյանը (ազդականչը` «Սամվել»)։
Այվազովսկու գործի շարունակողներ կան, հիանալի նկարիչներ են։ Շատ են խոշոր բիզնես-կառույցների ղեկավարները, ձեռնարկությունների տնօրենները։ Հայերը ներկայացված են նաև իշխանության օղակներում, մենք նախարարներ ունենք, պատգամավորներ։ Այսինքն՝ Սևծովյան Հայաստանը մինչև օրս գոյություն ունի Ղրիմում։
Հարցազրույցի ամբողջական տեսագրությունը` այստեղ։