Երևանյան լիճը` հանգստի գոտի. մեկնարկել են տարածքի մաքրման աշխատանքները

Մեկնարկել են Երևանյան լճի մաքրման աշխատանքները
Նախատեսվում է Հրազդան գետի վրա ճաղավանդակի տեղադրում, աղբաորսիչ միջոցառումների կազմակերպում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով մեկնարկել են Երևանյան լճի մաքրման աշխատանքները, որտեղ նախատեսվում է նաև հանգստի գոտի ստեղծել: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2022թ. համար բյուջետային մասհանումները կկազմեն 60 մլն 430 հազար դրամ: Դրանով նախատեսվում է Հրազդան գետի վրա ճաղավանդակի տեղադրում, աղբաորսիչ միջոցառումների կազմակերպում և շուրջ 12.500 խ/մ թափոնների հավաքում ու տեղափոխում(որպեսզի չլցվի Երևանյան լիճը):
Մեկնարկել են Երևանյան լճի մաքրման աշխատանքները
«Լճի մաքրմանը զուգահեռ, համայնքը քննարկում է նաև տարածքում հանգստի գոտի ստեղծելու հնարավորությունը: Նախատեսվում է բարեկարգել լճի ափամերձ տարածքի 2.8 հա հատվածը։ Կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կկառուցվի մարզահրապարակ, հեծանվուղի, ճեմուղի, տարածքը կլուսավորվի էներգախնայող լուսատուներով, կիրականացվեն նաև կանաչապատման աշխատանքներ»,– ասված է հաղորդագրությունում:
Լճի աղտոտվածության հիմնական պատճառը կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբն է, որը կուտակվում է լճի տարածքում՝ բնակիչների անբարեխիղճ պահվածքի հետևանքով:
Մեկնարկել են Երևանյան լճի մաքրման աշխատանքները
Աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Նա եղել է նաև քաղաքային տնկարանում, որտեղ ներկայացվել են 2022թ. ծրագրով նախատեսվող աշխատանքները: Նախատեսվում է ընթացիկ տարում ընդլայնել ջերմոցային և տնկարանային հատվածը: Շուրջ 25 հա տարածքից փաստացի օգտագործվում է մոտ 10 հա-ն: Այժմ ջերմոցում ու տնկարանում է աճեցվում քաղաքում տնկվող ծառերի ու ծաղիկների զգալի մասը. շուրջ 30 աշխատակցի ձեռքով աճեցվում է մոտ 60 անուն բույս, այդ թվում՝ նաև «Կարմիր գրքում» գրանցված տեսակներ։