ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի– Sputnik. Այսօր Երևանի Դավիթ Մալյան փողոցում (Նոր Նորք վարչական շրջան) կրակոց է հնչել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Մոտավորապես ժամը 11։30-ին ոստիկանության Նոր Նորքի բաժինն օպերատիվ տեղեկություն է ստացել, որ կրակոց է հնչել Դավիթ Մալյան 2-րդ շենքի բակում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են դեռևս անհայտ տեսակի ատրճանակից կրակված մեկ պարկուճ, ինչպես նաև՝ նշված շենքի բակում կայանված «Lexus» մակնիշի ավտոմեքենա, որի առջևի հատվածում հայտնաբերվել է կրակոցի հետք։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունն անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է ձեռնարկում դեպքի հանգամանքները պարզելու, կրակողի ինքնությունը ճշտելու, նրան և ատրճանակը հայտնաբերելու համար։