Չին–հայկական հավերժ բարեկամություն. Լի Կեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

Փաշինյանն էլ շնորհավորական ուղերձներ էր հղել Չինաստանի նախագահին և վարչապետին ՀՀ-ՉԺՀ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի– Sputnik. Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, վերջին 30 տարիների ընթացքում չին-հայկական հարաբերություններում նկատվում է առողջ և կայուն զարգացման դինամիկա։ Երկու երկրների միջև անդադար խորանում է քաղաքական փոխվստահությունը, հիմնորեն առաջ է ընթանում գործնական համագործակցությունը տարբեր ոլորտներում, իսկ մշակութային և հումանիտար փոխանակումներն էլ ավելի սերտանում են»,– նշել է Չինաստանի վարչապետը։
Նա հայտնել է իր պատրաստակամությունը Հայաստանի հետ միասին ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ, չին-հայկական բարեկամական հարաբերությունների օրակարգը հարստացնելու ՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների։
«Մաղթում եմ Ձեզ աշխատանքային հաջողություններ և քաջառողջություն։ Մաղթում եմ Չինաստանին և Հայաստանին հավերժ բարեկամություն»,–եզրափակել է նա:
Այսօր, ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և ՉԺՀ պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանին՝ ՀՀ-ՉԺՀ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով: