«Չեմ կարծում, որ Փաշինյան - Ալիև հանդիպմանը փաստաթուղթ կստորագրվի». Արցախի ԱԺ նախագահ

Արթուր Թովմասյան
Արթուր Թովմասյանը հերթական անգամ շեշտել է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը քիչ հավանական է համարում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բրյուսելյան հանդիպմանը Արցախի վերաբերյալ որևէ փաստաթուղթ կստորագրվի։ Նա իր տեսակետը հայտնել է «Արցախպրեսի» հետ զրույցում։

«Չեմ կարծում, որ այսօրվա հանդիպմանը Արցախի կարգավիճակի վերաբերյալ որևէ փաստաթուղթ կստորագրվի: Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դա անհնարին է: Սա գիտակցում են և՛ ՀՀ մեր գործընկերները, և՛ միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող համանախագահ երկրների: Մենք օգտագործում ենք միջխորհրդարանական և դիվանագիտական բոլոր հնարավորությունները և պարբերաբար տեղյակ ենք պահում այն զարգացումների մասին, որոնք տեղի են ունենում Արցախում: Իսկ դրանք ուղղակի և ամեն անգամ փաստում են այն հայտնի ճշմարտությունը, որ այս հիմնախնդիրն ունի մեկ լուծում, որը պետք է իրագործվի ազգերի ինքնորոշման միջազգային սկզբունքի հիման վրա»,-ասել է Արցախի ԱԺ նախագահը:

Նա ընդգծել է, որ Արցախում խաղաղություն չկա, այլ հարաբերական լռություն է։ Ըստ Թովմասյանի` սխալ է խոսել խաղաղության մասին, երբ պարբերաբար խախտվում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը։
Համաձայնելով Բաքվի 5 կետերին` ՀՀ-ն փակում է արցախցիների ինքնորոշմանը սատարելու էջը
ԱԺ նախագահի խոսքով` ՀՀ–ն եղել է, կա և պետք է լինի Արցախի ժողովրդի անվտանգության թիվ մեկ երաշխավորը։ Նա փոփոխվող աշխարհակարգի համատեքստում կարևորել է Հայաստան–Արցախ–սփյուռք եռամիասնությունը և անուրանալի անվանել ռուսական խաղաղապահ զորակազմի և առհասարակ Ռուսաստանի դերակատարությունը։
Այսօր Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ ՀՀ կառավարության ղեկավարը հայտարարել է, որ մտադիր է Ադրբեջանի նախագահի հետ համաձայնեցնել խաղաղ բանակցությունների մեկնարկի հարցերը:
Փաշինյանը Բրյուսել է մեկնել երեկ։