Արցախի մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Հադրութի արվեստի դպրոց

Ադրբեջանի կողմից Հադրութ քաղաքի օկուպացիայի հետևանքով դպրոցը ժամանակավոր տեղակայվել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի շենքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Ապրիլի 6-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և ՄԻՊ աշխատակիցներն այցելել են «Հադրութի արվեստի դպրոց» ՊՈԱԿ, ծանոթացել առկա շենքային պայմաններին և սաների ուսումնառության կազմակերպման ընթացքին, տեղեկանում ենք Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից։
Հաստատությունում ուսումնառող սաների ստեղծագործական զարգացմանն աջակցելու համար Պաշտպանի աշխատակազմը դպրոցին է փոխանցել «Միասին» բարեգործական նախաձեռնության կողմից ուղարկված անհրաժեշտ պարագաներ:
Պատերազմի ժամանակ թիրախավորվել են Շուշիի ու Հադրութի մանկապարտեզներն ու դպրոցները. ՄԻՊ
Դպրոցի ուսուցչական անձնակազմի հետ ունեցած զրույցի ժամանակ բարձրացվել են շենքային պայմանների, դպրոցը` ստեղծագործական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ պարագաներով համալրելու, կրթական գործընթացի հետ կապված հարցեր:
Ադրբեջանի կողմից Հադրութ քաղաքի օկուպացիայի հետևանքով դպրոցը ժամանակավոր տեղակայվել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի շենքում։ Չնայած դժվարություններին և շենքային պայմանների անբավարարությանը՝ կրթօջախը շարունակում է կրթել ու դաստիարակել ավելի քան 120 աշակերտների։ Դպրոցի սաները մասնակցում են տարբեր մրցույթների, որտեղ ցուցաբերում են գոհացուցիչ արդյունքներ։