ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից Ռուսաստանին հանել չի ստացվի. MSNBC-ին տված հարցազրույցում այս մասին խոստովանել է համաշխարհային կազմակերպությունում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը. փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Անվտանգության խորհուրդը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ՄԱԿ-ի հիմնադրման արդյունքում։ Նրանք (Ռուսաստանը,- խմբ․) Անվտանգության խորհրդի անդամ են։ Դա փաստ է։ Մենք չենք կարող փոխել այդ փաստը»,- ասել է նա։
Ապրիլի 5-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առջև, որում Մոսկվան՝ որպես մշտական անդամ, վետոյի իրավունք ունի, առաջարկել է խորհրդին կա՛մ ինքնալուծարվել, կա՛մ Ռուսաստանին հանել իր կազմից:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նշել է, որ Ռուսաստանի հեռացումը կազմակերպությունից անհնար է դրա կանոնադրությամբ: Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինն իր հերթին նախաձեռնությունն անիրագործելի է անվանել, քանի որ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ փոփոխություններ մտցնելու համար անհրաժեշտ է, որ դա հաստատի անդամ պետությունների երկու-երրորդը, ներառյալ՝ ԱԽ-ի բոլոր մշտական անդամները: Գերատեսչությունում կարծում են, որ նման որոշումը «չի անցնի»:
ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում մշտական հիմունքներով ընդգրկված են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, և այդ երկրներից յուրաքանչյուրն ունի վետոյի իրավունք: Եվս տասը անդամներ երկամյա ժամկետով ընտրվում են Գլխավոր ասամբլեայի կողմից։
Անվտանգության խորհրդից Ռուսաստանին հանելու համար պետք է փոխվի ՄԱԿ-ի կանոնադրությունը: Նման փոփոխություն ընդունելու համար անհրաժեշտ են Անվտանգության խորհրդի բոլոր մշտական անդամների ստորագրությունները։ Ընդ որում, Ռուսաստանն իրավունք ունի վետո դնելու նման առաջարկի վրա։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 42-րդ օրը։