ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Ուկրաինան վերածվել է յուրատեսակ «վրացի հանցագործների արգելոցի», որոնց արտահանձնմանը ապարդյուն ձգտում է հասնել պաշտոնական Թբիլիսին. այս մասին ապրիլի 5-ին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Թեա Ցուլուկիանին, որի խոսքը մեջբերում Է ՏԱՍՍ-ը։
Այսկերպ նա մեկնաբանել է Ուկրաինայի իշխանությունների հայտարարությունները, որոնք Վրաստանին մեղադրում են պատժամիջոցների հետևանքով արգելված ապրանքները մաքսանենգ ճանապարհով Ռուսաստան տեղափոխելուն աջակցելու համար։ Հաղորդվել է նաև մաքսանենգ ապրանքների տեղափոխման ապացույցներ ներկայացնելու` Թբիլիսիի պահանջի մասին։
«Դեռևս այն ժամանակ, երբ ես արդարադատության նախարարն էի (2012-2020թ,- խմբ․), Ուկրաինան վերածվել էր Վրաստանից փախած հանցագործների արգելոցի։ Ուստի, ես կցանկանայի, որ Ուկրաինայի իշխանությունները չհավատային այդ հանցագործների պատմություններին»,- նշել է Ցուլուկիանին։
Նա Ուկրաինայի ղեկավարությանը կոչ է արել համագործակցել վրացական իշխանությունների, այլ ոչ թե փախուստի մեջ գտնվող ծայրահեղական ընդդիմադիրների հետ։
Ցուլուկիանին դիմել է իր ուկրաինացի գործընկեր, փոխվարչապետ Իրինա Վերեշչուկին՝ ընդգծելով, որ Վրաստանի սահմանները խստորեն վերահսկվում են։
«Այդ սահմանները վերահսկվում են հենց այն պատճառով, որպեսզի պատժամիջոցի ենթարկված ցանկացած նյութ կամ ապրանք, լինի ռազմական, թե երկակի նշանակության, չշրջանցի մեր սահմանների խիստ մաքսային մոնիթորինգը։ Դա է իրականությունը։ Մնացածը կեղտոտ սուտ է»,- ընդգծել է նա։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը նախկինում Ուկրաինայում մի շարք առանցքային պաշտոններ է զբաղեցրել, այժմ կալանքի տակ է գտնվում հայրենիքում: Նա Վրաստան էր վերադարձել 2021 թվականի սեպտեմբերին և անմիջապես ձերբակալվել էր։