Ստեղծված իրավիճակում պետք է արագ գործել. Տեր-Ստեփանյանի ելույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ում

ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է ադրբեջանական կողմի գործողություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդում ունեցած իր ելույթում կոչ է արել շարունակել ջանքերը ԼՂ և հարակից տարածքներ փորձագիտական անկախ առաքելություն ուղարկելու ուղղությամբ. տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության կայքը։
Նա նշել է նաև, որ ստեղծված իրավիճակում արագ գործելու անհրաժեշտություն կա։

«Քրիստիան Տեր-Ստեփանյանը մտահոգություն է հայտնել մարտի 24-ին և 25-ին ադրբեջանական զինուժի կողմից հայկական քաղաքացիական ենթակառուցվածքները ռմբակոծելու և Արցախի Փարուխ գյուղ ներթափանցելու դեպքերի առնչությամբ՝ միջազգային հանրությանը կոչ անելով միջոցներ ձեռնարկել Հարավային Կովկասում իրավիճակի վատթարացումը կանխելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տեր-Ստեփանյանը նշել է նաև, որ ԼՂ-ի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող բռնության և ահաբեկման քաղաքականության հիմնական նպատակն էթնիկ զտումների իրականացումն է։ Այն ուղեկցվում է հայկական մշակույթի արժեքներն ավերելու և վանդալիզմի ենթարկելու, հայկական մշակութային ժառանգությունը յուրացնելու փորձերով։
Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն օրերս հայտարարություն էր տարածել, որում մանրամասն ներկայացրել է Փառուխում ու Քարագլխի տարածքում հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված՝ Ադրբեջանի բացահայտ զեղծարարությունները։
Մասնավորապես, ադրբեջանական AZTV-ի՝ մարտի 30-ին տարածած տեսանյութում երևում է, որ ադրբեջանցիները ներկայացնում են հողից հանված մարդկային մնացորդներ: Ադրբեջանական քարոզչամեքենան՝ դիմելով կեղծ ու ստոր մեթոդի, սույն փաստը ներկայացնում է իբր թե Իվանյան (ադրբեջանական կիրառմամբ՝ Խոջալու) բնակավայրի ադրբեջանցիների զանգվածային թաղում՝ 1992թ. ռազմական գործողությունների հետևանքով։
ՅՈւՆԵՍԿՕ–ն սառեցրել է ադրբեջանական պսևդոդուդուկի գրանցման հարցը