Սպանություն Մարտունիում. տարադրամի շրջիկ փոխանակմամբ զբաղվողի դին գտել են ամբողջովին մերկ

Դեպքի վայրի հարևանությամբ հավաքված անձինք նշել են, որ սպանվածի մոտ 1 մլն դրամից ավելի գումար է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում դանակի մի քանի հարվածով սպանել են տարադրամի շրջիկ փոխանակմամբ զբաղվող 55-ամյա տղամարդուն։
Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։
Նշվում է, որ առանձնակի դաժանությամբ սպանությունը ոստիկանները բացահայտել են ժամերի ընթացքում։
Ապրիլի 4-ին ոստիկանության Մարտունու բաժին էին դիմել նույն քաղաքի բնակիչ 55-ամյա Կամո Ա․-ի հարազատները և հայտնել, որ վերջինս դուրս է եկել տնից և չի վերադարձել։

Ողջ գիշեր որոնողական աշխատանքներ են իրականացվել, ապա ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Կամո Ա․-ն հանդիպել է Գեղարքունիքի մարզի 24-ամյա բնակիչ Հակոբ Ա-ի հետ։

Կայքի տեղեկություններով, Հակոբ Ա-ն հայտնաբերվել է և ոստիկանություն հրավիրվել, իսկ նրա վարած Opel մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։ Ըստ որոշ տվյալների, հենց այդ մեքենայում է սպանությունը կատարվել, ինչից հետո Հակոբ Ա-ն հանել է զոհի հագուստը, թաքցրել այն, դիակն էլ տարել ու նետել է Մարտունու հիվանդանոցի մոտ գտնվող հանրային լողափի հարակից անտառում։
Ոստիկանությունում կասկածյալը խոստովանել է արարքը և մատնացույց արել այն վայրը, որտեղ դանակի 8 հարվածով սպանել է Կամո Ա-ին։
Դեպքի վայրի հարևանությամբ հավաքված անձիք նշել են, որ սպանվածի մոտ 1 մլն դրամից ավելի գումար է եղել։ Նրանք նաև հայտնել են, որ Հակոբ Ա-ն հափշտակած գումարով իր պարտքերն է փակել։
Փաստի առթիվ Մարտունու քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի (Սպանությունը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Հակոբ Ա․-ն ձերբակալվել է։