ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ՌԴ մարդու իրավունքների հարցերի հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հաստատել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների փոխանակում է տեղի ունեցել:
Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ներն էին գրել, որ ռազմագերիների փոխանակում է տեղի ունեցել, և 86 հոգի Ուկրաինա է վերադարձել։
«Հաստատում եմ, որ «86-ը՝ 86-ի դիմաց» ձևաչափով փոխանակում է եղել»,- ՌԻԱ Նովոստիին ասել է Մոսկալկովան:
Նա հայտնել է նաև, որ աշխատանք է տարվում Ուկրաինայից բեռնատարների 90 վարորդների վերադարձնելու համար։
Մոսկալկովայի խոսքով, փետրվարի 24-ից ի վեր մի քանի փոխանակում է արվել, 6 վարորդ է ազատ արձակվել։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 41–րդ օրը։