Ռուսական կողմում մնացել է մոտ 2000 բեռնատար. Թանանյանը՝ Լարսում իրավիճակի մասին

Վերին Լարս. Արխիվային լուսանկար
Վատ եղանակի և ձնահոսքի վտանգի պատճառով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը մեկ շաբաթ շարունակ փակ էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Մոտ 2000 բեռնատարներ շարունակում են մնալ ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» բազմակողմ ավտոմոբիլային անցակետում. տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մաքսային հարցերով կցորդ Արամ Թանանյանը։
Նշենք, որ վատ եղանակի և ձնահոսքի վտանգի պատճառով մարտի 29-ից Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը մեկ շաբաթ շարունակ փակ էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս ընթացքում ռուսական կողմից Վերին Լարս տանող ճանապարհին մի քանի հազար բեռնատար է կուտակվել։ Դրանց 15-20%-ը Հայաստանից է։
«Այս պահին ճանապարհը բաց է, մեկ օրում Ռուսաստանից Վրաստան է անցել մոտ 450 բեռնատար և 400 մարդատար ավտոմեքենա»,- ասաց Թանանյանը։
Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այժմ ՌԴ-ում և Վրաստանում աշխատանքներ են ընթանում «Վերին Լարս» անցակետի խնդիրները լուծելու համար, որոնք առաջանում են հիմնականում ձմռանը։
Հարցը կլուծվի Վրաստանի և Ռուսաստանի տարածքներում երկու խոշոր նախագծերի շինարարության ավարտից հետո: 2023 թվականին տրանսպորտային խոշորհանգույց կկառուցվի Վլադիկավկազին հարող տարածքում, մինչև 2024 թվականը Վրաստանը կավարտի Քվեշեթի-Կոբի շրջանցիկ ճանապարհի կառուցումը: