Պեսկովը խոսել է Բայդենի ու Պենտագոնի՝ Բուչայի թեմայով հակասական հայտարարությունների մասին

Պեսկովը ԱՄՆ-ի առաջնորդի համար անվայել է որակել Ջո Բայդենի անձնական հարձակումները Վլադիմիր Պուտինի հասցեին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Կրեմլում արձանագրում են ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ու Պենտագոնի հայտարարությունների հակասությունը՝ Կիևի մոտակա Բուչա քաղաքում տեղի ունեցած սադրանքի վերաբերյալ: Այսօր լրագրողներին այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ուշադրություն ենք հրավիրում ամերիկացիների շրջանում անընդհատ շարունակվող հակասությունների վրա, երբ նախագահը ռազմական հանցագործություն է անվանում, իսկ Պենտագոնը հայտարարություն է տարածում այն մասին, որ չունի ճշգրիտ տվյալներ, որոնք թույլ կտային նման եզրակացության գալ։ Պարզապես արձանագրում ենք այդ փաստերը»,- ասել է Պեսկովը։

Բայդենը «ռազմական հանցագործություն է» անվանել, բայց «ցեղասպանություն» չի համարել իրադարձությունները Բուչայում։ Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը դա սադրանք է անվանել։ Երկուշաբթի ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչն ասել է, որ ամերիկյան կողմը Բուչայի դեպքերի մասին տեղեկության անկախ հաստատում չունի:
Մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի անձնական հարձակումները ՌԴ նախագահի հասցեին՝ Դմիտրի Պեսկովը դրանք ԱՄՆ-ի նախագահի համար անվայել է որակել:

«Ինչ վերաբերում է նոր պատժամիջոցներին, մենք ինքներս գիտենք, որ դրանք հնարավոր են։ Հազիվ թե ամերիկացիները հրաժարվեն իրենց սիրելի այս պրակտիկայից։ Շարունակվում են անձնական վիրավորանքները Ռուսաստանի նախագահի հասցեին, և դա վատ է»,- ասել է Պեսկովը։

Ուկրաինայի իշխանությունը կադրեր էր տարածել, որտեղ, նրա պնդմամբ, երևում են Բուչայում զոհված խաղաղ բնակիչները: Ուկրաինան ողբերգության մեղքը բարդել է ռուսական զորքերի վրա, իսկ նախագահ Վլադիմիր Զելենսկին կատարվածը որակել է որպես ցեղասպանություն։
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը ուկրաինական իշխանությունների սադրանքն են: Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, այն ժամանակ, երբ քաղաքը եղել է ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ, տեղի բնակիչներից ոչ մեկը բռնի գործողությունների թիրախ չի եղել : Նախարարությունում նշել են, որ ՌԴ բոլոր ստորաբաժանումները Բուչայից դուրս են եկել դեռևս մարտի 30-ին՝ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ օրը:
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 41–րդ օրը։