ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ՄԱԿ-ը կոչ է անում արժանապատվորեն վերաբերվել Ուկրաինայում բոլոր գերիներին և պահպանել նրանց իրավունքները, ազատ արձակել ձերբակալված բոլոր լրագրողներին: Այս մասին ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոն, որի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք անհանգստացած ենք այն տագնապալի տեսանյութերով, որոնք ցույց են տալիս երկու կողմերի ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը։ Բոլոր ռազմագերիներին պետք է վերաբերվել արժանապատվորեն և լիովին հարգել նրանց իրավունքները՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան»,- ասել է Դիկարլոն։
Գլխավոր քարտուղարի տեղակալը հայտարարել է նաև, որ մարտի 30-ի դրությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչությունն արձանագրել է Կիևի, Խերսոնի, Լուգանսկի և Զապորոժիեի մարզերում 22 լրագրողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կամայական ձերբակալությունն ու հնարավոր բռնի անհետացումը:
«Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել կամայականորեն պահվող բոլոր անձանց, այդ թվում՝ լրագրողներին, տեղական պաշտոնյաներին, քաղաքացիական հասարակության ակտիվիստներին և մյուսներին»,- նշել է Դիկարլոն:
Մարտի 30-ի դրությամբ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչությունն արձանագրել է յոթ լրագրողների և լրատվամիջոցների աշխատակցի մահ՝ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր: