Կոնգրեսականները Բայդենից պահանջում են Ուկրաինային զենք մատակարարել, այդ թվում՝ կործանիչներ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդեն. Արխիվային լուսանկար
Բացի ավանդական դարձած զինատեսակներից, ամերիկացի օրենսդիրները պնդում են, որ Կիևին նաև ռազմական ինքնաթիռներ տրվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապր — Sputnik. ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամները նամակով դիմել են ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով Ուկրաինային զենքի և զինամթերքի նոր խմբաքանակ մատակարարել, այդ թվում՝ կործանիչներ:

Օրենսդիր մարմնի 2 կուսակցությունների ներկայացուցիչների նամակը հայտնվել է CNN-ի տրամադրության տակ։ Փաստաթղթի համաձայն, հարցումը հիմնված է Ուկրաինայի իշխանությունների կողմից Կոնգրեսին փոխանցված ցանկությունների ցուցակի վրա, որում նշված են 17 շրջաններ, որոնցում, ամերիկացիների կարծիքով, Ուկրաինային լրացուցիչ օգնություն է անհրաժեշտ:

Մասնավորապես, օրենսդիրները պնդում են, որ Կիևին տրամադրվեն Javelin հակատանկային և Stinger շարժական զենիթահրթիռային համալիրներ, մեծ հեռահարության անօդաչուներ, հականավային հրթիռներ, ինչպես նաև կործանիչներ: Նկատենք, որ ռազմական ինքնաթիռներն Ուկրաինային հատկացված օգնության նախորդ փաթեթներից ոչ մեկում չեն եղել։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը դեռ ապրիլի 1-ին հայտարարել էր Ուկրաինային մինչև 300 մլն դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն հատկացնելու մասին։ Օգնությունը ներառում է լազերային ուղղորդմամբ հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր և դրանց հակազդման համակարգեր, զրահապատ մեքենաներ, փոքր և խոշոր տրամաչափի ոչ ստանդարտ զինամթերք, գնդացիրներ, դեղորայք, ինչպես նաև օպտիկական հանդերձանք ու արբանյակային լուսանկարների ստացման առևտրային ծառայություններ:
ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչության տվյալներով, Բայդենի վարչակազմի իշխանության գալուց ի վեր ամերիկացիներն Ուկրաինային ավելի քան 2,3 մլրդ դոլար են հատկացրել որպես ռազմական օգնություն: 1,6 միլիարդը հատկացվել է ռուսական ռազմական հատուկ գործողության սկսվելուց հետո։
Կիևի մերձակայքում նոր «բեմադրություն» է իրականացվել. ՌԴ ՊՆ ամփոփագիրը