ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Հայաստանում մշակված նոր ծրագիրը կօգնի հետևել հակառակորդի տեղանքին և օբյեկտներին։ Այս ծրագրերը ներկայացվել են Երևանում կայացած ArmHighTech պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսում:
Նման «ստրատեգեմ» (հունարենից թարգմանաբար՝ «ռազմական խորամանկություն») ներկայացրել է High Intelligence ընկերությունը։ Ծրագրում միավորված են մեքենայական ուսուցման (machine learning) և օբյեկտին հետևելու (tracking) տեխնոլոգիաները. այս մասին Sputnik Արմենիային պատմեց ընկերության ավագ ինժեներ Արման Ալեքսանդրիդիսը (Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչը):
Մեքենայական ուսուցման մոդուլը միացված է տեսահսկման համակարգերին: Երբ տեսադաշտում իրական օբյեկտ (օրինակ՝ տանկ) է հայտնվում, միացվում է «թրեքինգը», որը սկսում է հետևել տեղաշարժին։
Aerospace and Defense-ի տնօրեն Արամ Բաղյանը
© Sputnik / Aram Nersesyan
Բացի այդ, ծրագիրը թույլ է տալիս անօդաչու թռչող սարքի մեջ տեղանքի քարտեզ ներբեռնել (մոտավորապես այնպես, ինչպես կարելի է ներբեռնել «Յանդեքս» կամ Google քարտեզները, իսկ հետո օֆլայն օգտագործել)։
«Դրա շնորհիվ, եթե ազդանշանը ժամանակավորապես կորի (օրինակ՝ խլացուցիչների կամ տեղանքի յուրահատկությունների պատճառով), անօդաչու սարքը չի ընկնի. այն կնկարի տեղանքը, հետո կհամեմատի քարտեզի հետ ու կորոշի է իր գտնվելու վայրը», - ասում է Ալեքսանդրիդիսը:
Տեղանքում երկրաչափական հաշվարկների համար համակարգը ստեղծել է Improvis Aerospace and Defense ընկերությունը։ Ծրագիրը ցույց է տալիս տեղանքի պրոֆիլը՝ հաշվի առնելով ռելիեֆը։
Եթե որևէ կետ սահմանեք (օրինակ`թշնամու դիրքը), ապա ծրագիրը տեղանքի երկրաչափական վերլուծություն կանցկացնի ու ցույց կտա՝ արդյոք այդ կետը երևո՞ւմ է, ու որտեղի՞ց (այդ թվում՝ սեփական կամ հակառակորդի դիրքերից)։ Իսկ աշխարհագրական կոորդինատներով որոշվում է նաև հեռավորությունը կետերի միջև։
«Այս բոլոր տվյալներն ավտոմատ կերպով տեղափոխվում են հրետանավորների օգտագործած ՍԿ-42 համակարգ», - Sputnik Արմենիային ասաց Improvis Aerospace and Defense-ի տնօրեն Արամ Բաղյանը:
Բաղյանը նշեց, որ ծրագիրը թույլ է տալիս հետևել ոչ միայն ստատիկ կետերին (օրինակ՝ դիրքերին), այլև շարժական թիրախերին՝ ինչպես ցամաքային, այնպես էլ օդային։
«Նույն ազիմուտն ու անկյունային մեծությունները հաշվարկվում են նաև շարժական թիրախների համար, շարժման ճշգրտմամբ», - ավելացրեց նա:
Երկու մշակող ընկերություններն էլ համագործակցում են պաշտպանության նախարարության հետ:
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Երևանում անցկացվել է ArmHighTech պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան մշակումները: